Փոքրիկ բրիտանացուն ծննդյան օրվա առիթով 1 կիլոգրամ կոկաինով Lego են նվիրել (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայում տղային ծննդյան օրվա առթիվ նվիրել են անսովոր Lego Duplo հավաքածու՝ հրշեջ մեքենայով: Խաղալիքներից բացի, տուփի մեջ եղել է 1 կիլոգրամ կոկաին, գրում է Liverpool Echo հրատարակությունը:
Պարզվել է, որ նյութը խաղալիքների հավաքածուում է հայտնվել երկու 28-ամյա նախկին ծովային հետևակայինների մեղքով, որոնք մտադիր էին խաղալիքների անվան տակ թմրանյութեր տեղափոխել Մերսիսայդ կոմսություն:
Հանցագործները DPD առաքման ծառայության միջոցով Նիդերլանդներից կոկաին, հերոին, կանեփ են բերել: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նախկին ծովայինները ցանկանում էին արագ հարստանալ և նախատեսում էին Վիրգինյան կղզիներից ավելի մեծ խմբաքանակներ տեղափոխել ինքնաթիռներով և նավերով:
Իրավապահները տղամարդկանց հարազատների տներում հայտնաբերել են Lego-ի 4 տուփ՝ 82 տոկոսանոց կոկաինով:
«Հարևանի որդու ընկերուհին պատմել է, որ ինքը գնում է ընկերոջ որդու ծննդյան տոնին, բայց նվեր չունի: Այդ ժամանակ հարևանն առաջարկել է, որ վերցնի կոնստրուկտորի տուփ՝ չկասկածելով, որ ներսում թմրանյութ կա: Աղջիկը փաթեթավորել է նվերը և տարել է որպես ծննդյան նվեր: Երբ տղայի մայրը բացել է նվերը, պարզել է, որ տուփի ներսը փայլաթիթեղով է պատված, և դա ամենևին Lego չէ, այլ տարօրինակ նյութով տոպրակ: Դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ դա 82 տոկոսանոց կոկաին է` 1 կգ քաշով: Հարևանի տանը ևս 5 տուփ է հայտնաբերվել` յուրաքանչյուրում 86 տոկոսանոց 1 կգ կոկաին», - ասված է ոստիկանության հայտարարության մեջ:
Շուտով դիլերներից մեկը ձերբակալվել է Մանչեսթերի օդանավակայանում, իսկ մյուսը՝ Բեդֆորդշիրում:
Դատարանն արդեն կայացրել է իր վճիռը: Թմրավաճառները դատապարտվել են 16,5 և 10 տարվա ազատազրկման: