«Թուրքիան և Ադրբեջանը կկառուցեն նոր Ղարաբաղ»․ Էրդողանը խոսել է Շուշիի, «Զանգեզուրի միջանցքի», Երևանի հետ հարաբերությունների կարգավորման հեռանկարների մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ Անկարան և Բաքուն համատեղ ջանքերով կվերականգնեն Լեռնային Ղարաբաղը, հայտնում է ռուսական vz.ru լրատվականը։
«Երեկ մենք շրջեցինք Լեռնային Ղարաբաղում և տեսանք, թե 30 տարվա հակամարտությունից հետո ինչպիսի ավերածություններ են եղել, սակայն Թուրքիան և Ադրբեջանը միասին կվերակառուցեն ամեն ինչ, կկառուցեն նոր Ղարաբաղ», - ասել է Էրդողանը և հավելել, որ հակամարտության կարգավորումը համագործակցության հնարավորություններ է ստեղծում, այդ թվում՝ Հայաստանի համար։
Նա նշել է, որ Անկարան իր բոլոր հնարավորություններով Բաքվի կողքին է և այդպես է լինելու նաև «վաղը»։
Minval.az-ի փոխանցմամբ՝ Միլլի մեջլիսում իր ելույթի ընթացքում Էրդողանը հույս է հայտնել, որ Շուշին կդառնա թյուրքական աշխարհի մշակութային մայրաաքաղաքը։
«Այս քաղաքում ապրել են մեծ կոմպոզիտոր Ուզեիր Հաջիբեյլին, Բյուլբյուլը, Նաթավան և այլ բանաստեղծներ։ Այսօր Շուշան (Շուշի) վերակենդանանում է և այս հարցում Շուշան (Շուշի) Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք հայտարարելը հստակ ուղերձ է աշխարհին», - ասել է Թուրքիայի նախագահն ու նշել, որ հաջորդ տարի այն թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք դարձնելը պատիվ կլինի իրենց համար՝ հավելելով, որ թյուրքական աշխարհի բոլոր մյուս անկյունները նույնպես աշխարհին մեծ անհատականություններ են տվել։
Բացի այդ, նա անդրադարձել է այսպես կոչված Զանգեզուրի միջոնցքին` նշելով, որ Նախիջևանի և Բաքվի միջև այդ միջանցքի նշանակությունը դժվար է գերագնահատել: Ըստ նրա` այս տրանսպորտային միջանցքը կնպաստի ողջ տարածաշրջանի բարեկեցությանը և զարգացմանը:
Նա խոսել է նաև Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարների մասին:
«Հենց վերանան Հայաստանի ու Ադրբեջանի խնդիրները, Թուրքիան կարող է որոշակի քայլեր ձեռնարկել Երևանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ», - ասել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահներն այցելել են Շուշի: Երեկ Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել այդ առնչությամբ։ Հայտարարությունում ասվում է․ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու նրա ընտանիքի ուղեկցությամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա ընտանիքի անդամների այցը Արցախի պատմական մայրաքաղաք Շուշի, որը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ավերվել է 1920 և 2020 թվականներին, միջազգային իրավունքի կոպտագույն խախտման, մարդատյացության, ցեղասպան ու ահաբեկչական քաղաքականության վառ դրսևորում է։
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է նման այցերը Արցախի օկուպացված տարածքներ՝ դրանք դիտարկելով որպես սադրանք, ծավալապաշտական և ծայրահեղական ծրագրերի շարունակման հայտ։