ՌԴ-ում մտադիր են քաղաքային տեսախցիկների միասնական համակարգ ստեղծել. դրա համար կծախսվի 250 մլրդ ռուբլի
Ռուսաստանի Դաշնության կառավարությունը քննարկում է «Տեսադիտարկման ազգային հարթակ»-ի՝ երկրի բոլոր քաղաքային վերահսկողության տեսախցիկներից տեսանյութերի վերլուծության տեղեկատվական համակարգի մշակման հարցը:
Այս մասին հայտնել են «Կոմերսանտ»-ի իրազեկ աղբյուրները:
Նշվում է՝ 5 տարվա ընթացքում հարթակի զարգացման և տեսախցիկների տեղադրման համար նախատեսվում է ծախսել 250 միլիարդ ռուբլի:
Լրատվամիջոցի աղբյուրի խոսքով՝ «Ազգային տեսահսկման պլատֆորմը» ենթադրում է «խելացի տեսախցիկների» տեղադրում, որոնք ինքնուրույն կճանաչեն միջադեպերը և տեսանյութերը կուղարկեն տվյալների մշակման կենտրոն:
Նշվում է նաև, որ մի շարք ձեռնարկություններ արդեն օգտագործում են ներկառուցված վերլուծությամբ տեսախցիկներ, բայց դրանք 2-6 անգամ ավելի թանկ են, քան սովորական տեսախցիկները:
Այնուամենայնիվ, համակարգչային և տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների ասոցիացիայի գործադիր տնօրեն Նիկոլայ Կոմլևը նշել է, որ հսկողության տեսախցիկների համատեղումը մեկ համակարգի մեջ ռիսկեր է պարունակում տեղեկատվական անվտանգության ոլորտում: Մասնավորապես, տվյալների արտահոսքի դեպքում՝ լինի դա հաքերություն, թե կոռուպցիա, ցանցահենը կարող է տիրապետել մեծ քանակությամբ զգայուն տեղեկատվության: