«Աշխարհը պետք է իմանա Իրանի նկատմամբ Թրամփի անմարդկային հանցագործությունների մասին»․ Ռոհանի
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ աշխարհը պետք է իմանա երկրի նկատմամբ Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփի «անմարդկային հանցագործությունների» մասին, հայտնում է իրանական Tehran Times թերթը։
«Հարկ է, որ պարտադրված տնտեսական պատերազմի վերաբերյալ փաստաթուղթը և համապարփակ և աննախադեպ պատժամիջոցներ իրականացնողները հայտնի լինեն, որպեսզի բոլորն իմանան Թրամփի վարչակազմի կողմից իրանցի ժողովրդի նկատմամբ իրականացված անմարդկային հանցագործությունների մասին», - ասել է Ռոհանին։
Հիշեցնենք, որ Թրամփը 2018 թվականին ԱՄՆ-ն դուրս է բերել 2015 թվականին ընդունված Իրանի միջուկային համաձայնագրից և երկրի նկատմամբ իր «առավելագույն ճնշման» քաղաքականության շրջանակում պատժամիջոցներ կիրառել։
Հայտնի է, որ կորոնավիրուսային համավարակի հետևանքով Իրանը մեծապես տուժել է, քանի որ ԱՄՆ-ը մերժել է բժշկական սարքավորումներ և դեղորայք ներմուծելու արգելքները թուլացնելու միջազգային կազմակերպությունների կոչերը։ Ռոհանին, Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն ու փոխնախարար Աբբաս Արաղչին Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցները որակել են որպես «մարդկության դեմ հանցագործություն»։
Ռոհանին նշել է, որ մարդկության դեմ տնտեսական պատերազմները նույնպես պետք է որակվեն որպես «մարդկության դեմ լուռ հանցագործություն»։