«Սառույցը կոտրվել է». Միցոտակիսն ու Էրդողանը պայմանավորվել են անցյալում թողնել 2020 թվականի լարվածությունը. Kathimerini
Բրյուսելում ՆԱՏՕ գագաթնաժողովի շրջանակում Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև կայացած հանդիպումը «կոտրել է սառույցը», գրում է հունական Kathimerini թերթը՝ վկայակոչելով երկրի կառավարության աղբյուրներին։
«ՆԱՏՕ-ի անդամ երկու դաշնակից պետությունները պայմանավորվել են անցյալում թողնել 2020 թվականին առկա լարվածությունը», - նշել են աղբյուրները՝ հավելելով, որ կողմերը պայմանավորվել են խուսափել սադրանքներից, որոնք կարող են «դժվարկառավարելի իրավիճակների» հանգեցնել։
Աղբյուրների հաղորդմամբ՝ հունական կողմը մտադրություն ունի դրական օրակարգ առաջ տանել՝ միևնույն ժամանակ միջազգային իրավունքի համատեքստում շարունակելով ծովային գոտիների սահմանազատման հարցի շուրջ բանակցությունները։
Կողմերը քննարկել են նաև փախստականների հարցը, որի շրջանակում Միցոտակիսը նշել է, որ Հունաստանի կողմից հարցումները մերժված 1450 ներգաղթյալներին ընդունելը բարի կամքի դրսևորում կլինի Թուրքիայի կողմից։