Էրդողանը Թուրքիայի՝ ահաբեկչության դեմ պայքարի մասին գիրք է նվիրել Բայդենին, Ջոնսոնին և Մերկելին (լուսանկարներ)
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Թուրքիայի պայքարն ահաբեկչության դեմ» անվանումով գիրքը նվիրել է այն երկրների ղեկավարներին, որոնց հետ Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում երկկողմ բանակցություններ է վարել, փոխանցում է minval.az-ը:
Նշվում է՝ գրքում նկարագրվում է Թուրքիայի վճռական պայքարն «ահաբեկչական կազմակերպությունների» դեմ, ինչպիսիք են YPG/PKK-ն, որոնց Թուրքիան ահաբեկչական է համարում, Ֆեթուլլահ Գյուլենի FETÖ կազմակերպությունը և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Էրդողանը երկկողմ բանակցությունների շարք է անցկացրել ՆԱՏՕ-ի անդամ երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների հետ:
Նա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին է ներկայացրել Թուրքիայի՝ ահաբեկչության դեմ պայքարի մասին գիրքը:
Գրքում պատմվում է երկրի դաշնակիցներից Թուրքիայի ինքնիշխան իրավունքների և անվտանգության վերաբերյալ ակնկալիքների, ինչպես նաև բոլոր ահաբեկչական կազմակերպությունների և, մասնավորապես, վերոհիշյալների դեմ պայքարում հստակ աջակցության մասին: