«Բայդենը և Պուտինը Ժնևում կայանալիք հանդիպման ժամանակ կքննարկեն ԼՂ-ի թեման». ՌԴ նախագահի օգնական
Լեռնային Ղարաբաղը, Ուկրաինան, Բելառուսը և ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ձերբակալումն այն թեմաների ցանկում են, որոնք կքննարկվեն Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպման ժամանակ:
Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, գրում է lenta.ru-ն:
Նա հստակեցրել է, որ պետությունների ղեկավարները կքննարկեն ռազմավարական կայունությունը, կորոնավիրուսային համավարակը, կիբերհանցագործությունների դեմ պայքարը, տնտեսության մեջ համագործակցությունը, կլիմայի փոփոխության թեման և Արկտիկայի խնդիրները:
Բացի այդ, երկրների առաջնորդների օրակարգում են նաև Ուկրաինայում, Սիրիայում, Լիբիայում, Աֆղանստանում և Լեռնային Ղարաբաղում հակամարտությունները: Պուտինը և Բայդենը կքննարկեն նաև երրորդ երկրներում ռուսաստանցիների կալանավորումը, դիվանագիտական առաքելությունների աշխատանքը, ինչպես նաև Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների վերաբերյալ ընդհանուր հարցեր:
Նշվում է, որ նախագահների որոշման արդյունքում երկրների դեսպանները կարող են վերադառնալ Մոսկվա և Վաշինգտոն:
Ուշակովը հավելել է, որ երկու կողմերն էլ կարող են սկսել խոսել նախապես չհամաձայնեցված ցանկացած թեմայի շուրջ: Դրանց թվում կարող է լինել իրավիճակը Բելառուսում և Ալեքսեյ Նավալնիի ձերբակալման թեման:
Նախագահի օգնականը նշել է նաև, որ թեմաները համակարգելու հարցում հատուկ խնդիրներ չեն եղել:
Հիշեցնենք՝ Բայդենն ու Պուտինը կհանդիպեն հունիսի 16-ին՝ Շվեյցարիայի Ժնև քաղաքում գտնվող «Լա Գրանժ» առանձնատանը: Բայդենի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր այս հանդիպումը քաղաքական գործիչների առաջին դեմ առ դեմ հանդիպումն է: