Բայդենն ու Էրդողանը փորձել են «անձնական քիմիա» գտնել Լիբիայից մինչև Կովկաս. EurAsia Daily
Ռուսական EurAsia Daily լրատվականը հոդված է հրապարակել, որում վերլուծել է երեկ Բրյուսելում Միացյալ Նահանգների և Թուրքիայի նախագահներ Ջո Բայդենի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:
Հոդվածում, մասնավորապես, ասվում է, որ Միացյալ Նահանգների և Թուրքիայի նախագահները Ջո Բայդենի ընտրվելուց հետո իրենց առաջին անձնական հանդիպումն են անցկացրել երեկ երեկոյան: Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպման ավարտից հետո բանակցությունները բնութագրել է «բեղմնավոր և անկեղծ»՝ ասելով, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են փոխադարձ տարաձայնությունները, ինչպես նաև համագործակցության ոլորտները: Հաղորդվում է, որ քննարկվող թեմաները տատանվում էին Աֆղանստանից և Սիրիայից մինչև պաշտպանական և երկկողմ առևտրի հարցեր:
Բայդենի և Էրդողանի անձնական շփումն առաջին դրական քայլն է և նշան է, որ երկու երկրների ղեկավարները գիտակցում են երկկողմ հարաբերությունների կարևորությունը, նշում են Ատլանտյան խորհրդի հետազոտական կենտրոնի փորձագետները (գրասենյակը` Վաշինգտոնում):
Նրանք հնարավորություն են ունեցել քննարկելու ինչպես փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաներ, այնպես էլ տարաձայնությունները: Այս հանդիպման ամենակարևոր արդյունքն այն է, որ երկխոսության ուղի է բացվել, և երկու կողմերն էլ վերահաստատել են իրենց կախվածությունը միմյանցից՝ որպես ՆԱՏՕ-ի դաշնակիցներ, նշում է Ատլանտյան խորհրդում Թուրքիայի վերաբերյալ ծրագրի տնօրեն Դեֆնե Արսլանը:
«ԱՄՆ-ն համաշխարհային գերտերություն է և Թուրքիայի ամենակարևոր դաշնակիցը, մինչդեռ Անկարան դառնում է ավելի կարևոր տարածաշրջանային դերակատար և Մերձավոր Արևելքում ՆԱՏՕ-ի միակ դաշնակիցը, որը նաև դիմադրում է Ռուսաստանի ազդեցությանն ամբողջ տարածաշրջանում: Եթե ԱՄՆ-ն և Թուրքիան կարողանան փոխըմբռնման գալ կամ մի կողմ դնել իրենց տարաձայնությունները, այդ թվում`С-400 հրթիռային համակարգերի և F-35-ի ծրագրի շուրջ, դա կարող է Իրանի, Ուկրաինայի, Կովկասի, Լիբիայի, Սիրիայի, Աֆղանստանի հարցերով համագործակցության խորացման դուռ բացել, ինչպես նաև խթանել տնտեսական գործընկերության ամրապնդումը՝ ներդրումներից և առևտրից մինչև էներգետիկա»,-թվարկել է փորձագետը:
Նրա կարծիքով` նախագահներ Բայդենի և Էրդողանի առաջին հանդիպումը «ոչ թե կոնկրետ վեճերի հարցում առաջխաղացում էր, այլ փոխադարձ քիմիա հաստատելու հնարավորություն»: Վերլուծաբանը չի բացատրել, թե որ հարցերում է ձեռք բերվել նշված «առաջընթացը»:
«Սա փոքր ձեռքբերում չէ: Ազգային առաջնորդների միջև անձնական քիմիան կարող է վճռորոշ լինել երկարատև բյուրոկրատական և քաղաքական դիրքորոշումների հաղթահարման գործում՝ երկկողմ հարաբերություններում նոր դրական խթան ստեղծելու համար: Հուսով եմ, որ Բայդենի և Էրդողանի միջև նոր անձնական կապը կնպաստի առաջընթացի այն հարցերում, ինչպիսիք են Միջերկրական ծովի արևելքում սահմանային վեճերը, Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումը, հետագա ռուսական ռազմական ազդեցության զսպումը Լիբիայից և Սիրիայից մինչև Սև ծով և Հարավային Կովկաս: Եվ այս հարցերի շուրջ դրական խթան ստեղծելուց հետո, միգուցե Էրդողանն ու Բայդենը կարողանան վերադառնալ ավելի բարդ հարցերի, ինչպիսին են՝ Թուրքիայի կողմից ռուսական С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնումը և Սիրիայում քրդական զինված խմբավորման հետ ԱՄՆ-ի գործընկերությունը»,-եզրափակել է Արսլանը: