Երևանի որ շրջաններում է իշխանությունը թույլ. թեժ քննարկում է եղել. «Ժողովուրդ»
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հայրենի իշխանության ներսում թեժ քննարկվում է այն հարցը, որ պետք է լավ աշխատել Երևանի վարչական շրջաններում ձայներ հավաքելու համար: Բանն այն է, որ իշխանությունն արդեն պարզել է, որ Երևանում կարող է պարտվել ընդդիմությանը, քանի որ մայրաքաղաքում շատ վատ են տրամադրված իշխանության նկատմամբ:
Ըստ մեր տեղեկությունների՝ իշխանությունը պարզել է, որ թույլ են Երևանի Դավիթաշեն, Նոր Նորք, Էրեբունի, Ավան, Արաբկիր ու Կենտրոն վարչական շրջաններում: Վերջիններս անգամ որոշել են սկզբում շրջել այն վարչական շրջաններում, որտեղ ժողովուրդը նորմալ է տրամադրված իրենց հանդեպ, ինչի համար նախօրեին եղան Շենգավիթ վարչական շրջանում, իսկ երեկ՝ արդեն Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում:
Իշխանությունը փորձում է այս վարչական շրջանների շրջայցերով ցույց տալ, որ իրենք Երևանում ևս խնդիր չունեն, որից հետո արդեն կգնան այն վայրերը, որտեղ շատ վատ են տրամադրված իշխանությունների հանդեպ: Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ նշված վարչական շրջանների ղեկավարները հատուկ հանձնարարություն ունեն՝ անել ամեն բան նախ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին դիմավորելու հարցում, այնուհետև ամեն ինչ անել ձայներ ապահովելու համար»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։