«Իսկ ինչո՞ւ չպետք է հավատամ Լուկաշենկոյին». Պուտինը մեկնաբանել է Մինսկում վայրէջք կատարած Ryanair-ի ինքնաթիռի միջադեպը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պատճառ չունի Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյին չհավատալու Մինսկում վայրէջք կատարած Ryanair ավիաընկերության ինքնաթիռի միջադեպի առնչությամբ:
Այս մասին ռուս առաջնորդը հայտարարել է NBC-ին տված հարցազրույցում:
«Վերջերս եվրոպացի գործընկերոջ հետ իմ զրույցներից մեկում ես ասել եմ, որ պարոն Լուկաշենկոյի վարկածը, որի մասին նա ինձ ասել է, այն է, որ իրենք են տեղեկություն ստացել, թե ինքնաթիռում պայթուցիկ սարք կա: Նրանք տեղեկացրել են օդաչուին, չեն ստիպել նրան վայրէջք կատարել, իսկ օդաչուն որոշել է վայրէջք կատարել Մինսկում: Այսքանը»,- մեկնաբանել է միջադեպը Ռուսաստանի ղեկավարը:
Միաժամանակ նա նշել է, որ պատճառ չի տեսնում չհավատալու Լուկաշենկոյին:
«Իսկ ինչո՞ւ չպետք է հավատամ նրան: Դուք օդաչուին հարցրեք: Ամենապարզ բանն օդանավի հրամանատարին հարցնելն է՝ ձեզ հարկադրե՞լ են վայրէջք կատարել, թե՞ ոչ»,- ընդգծել է նա:
«Հարցրեք նրան: Նրանից հարցրե՞լ եք: Ես երբեք այդ օդանավի հրամանատարի հետ, որը վայրէջք է կատարել Մինսկում, հարցազրույցի մասին չեմ լսել: Ինչո՞ւ չհարցնել նրան՝ քեզ հարկադրե՞լ են վայրէջք կատարել: Ինչո՞ւ չեք հարցնում նրան: Սա նույնիսկ տարօրինակ է: Բոլորը մեղադրում են Լուկաշենկոյին, բայց օդաչուին չեն հարցնում», - հավելել է ՌԴ նախագահը:
Հիշեցնենք, որ վերջերս Աթենք-Վիլնյուս երթուղով թռչող ինքնաթիռը, Բելառուսի տարածքի մեծ մասի վրայով անցնելուց և Լիտվայի հետ սահմանին մոտենալուց հետո, փոխել է ընթացքը և շարժվել Մինսկի ուղղությամբ: Մինսկի օդանավակայանից հայտնել էին, որ օդաչուների փոխանցմամբ՝ օդանավն «ականապատված» է եղել, սակայն ստուգումների ընթացքում այդ տեղեկությունը հերքվել է:
Բելառուսական աղբյուրները հայտնում էին, որ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անձամբ է հրաման տվել Մինսկում ընդունել Ryanair ավիաընկերության ինքնաթիռը: Ինքնաթիռի վայրէջքից հետո օդանավակայանում ձերբակալվել է Բելառուսում ծայրահեղական ճանաչված NEXTA թելեգրամյան ալիքի նախկին գլխավոր խմբագիր Ռոման Պրոտասևիչը: