«Միսս տիեզերք» գեղեցկության մրցույթի հաղթողը պատմել է կորոնավիրուսի համավարակի պատճառով աշխատանքը կորցնելու և իր ընտանիքի ֆինանսական դժվարությունների մասին (լուսանկարներ)
2021-ի մայիսին կայացած «Միսս տիեզերք» գեղեցկության մրցույթում բաղձալի կոչմանն ու գեղեցկուհու թագին արժանացած Մեքսիկայի 26-ամյա ներկայացուցիչ Անդրեա Մեսան Fox News-ին տված հարցազրույցում պատմել է մրցույթին մասնակցության տպավորությունների, կորոնավիրուսի համավարակի ամիսներին աշխատանքը կորցնելու և իր ընտանիքի ֆինանսական խնդիրների մասին։
Մինչև «Միսս տիեզերք»-ը զբոսաշրջային կազմակերպությունում աշխատող Մեսան խոստովանել է՝ «կորոնավիրուսի համավարակի ամիսներին կորցրել է աշխատանքը, իսկ ընտանիքը պայքարում էր ֆինանսական խնդիրների դեմ և այդ ամենը երբեմն հուսահատեցնում էր իրեն»։
«Սակայն մրցույթին մասնակցությունն օգնեց ինձ կենտրոնանալ և մտածել միայն այդ ուղղությամբ»,- խոստովանել է մեքսիկացի գեղեցկուհին։
Նրա խոսքով՝ «Միսս տիեզերք»-ում իր հաղթանակն «իր կյանքի ամենագեղեցիկ պահերից մեկն էր»։
«Երբեք չեմ մտածել, որ կարող եմ այստեղ հայտնվել, երբեք չեմ մտածել, որ կարող եմ գեղեցկության մրցույթի հաղթող դառնալ, կանգնել տեսախցիկների առջև։ Ինձ համար դա անիրագործելի էր։ Երկար ժամանակ չէի հավատում, որ ընդունակ եմ հասնել այն հաջողություններին, որոնց հասել եմ»,- ասել է Անդրեա Մեսան։
«Միսս տիեզերք»-ի 26-ամյա հաղթողի խոսքով՝ «ցանկանում է երիտասարդ աղջիկների համար ոգեշնչման աղբյուր լինել, ցանկանում է ցույց տալ, որ ներքին վախերը հաղթահարելով՝ կարելի է իրականություն դարձնել նույնիսկ անիրականանալի թվացող երազանքները»։