Շներին մարդկանցից շատ է սիրում. Էլիզաբեթ 2-րդ թագուհին արքայազն Էնդրյուից ծննդյան առթիվ շան ձագ է նվեր ստացել (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդն արքայազն Էնդրյուից քորգի ցեղատեսակի շան ձագ է նվեր ստացել իր պաշտոնական ծննդյան օրվա առթիվ, ինչի համար ուրախ է, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը:
Հայտնի է, որ արքայազն Էնդրյուն թագուհուն երկու շնիկ էր նվիրել դեռևս փետրվարին, երբ հայրը՝ Էդինբուրգի դուքս արքայազն Ֆիլիպը հիվանդանոցում բուժում էր ստանում, սակայն շնիկներից մեկն անցյալ ամիս սատկել է՝ ի ծնե առկա սրտի խնդրի պատճառով։ Այժմ արքայազն Էնդրյուն և նրա դուստրերը՝ 32-ամյա արքայադուստր Բեատրիսը և 31-ամյա արքայադուստր Եվգենիան, թագուհուն նոր 6 շաբաթական շան ձագ են նվիրել։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, անցյալ ամիս սատկել էր տաքսայի և քորգիի խառնուրդ Ֆերգյուս անունով շան ձագը, որին թագուհին կոչել էր հանգուցյալ հորեղբոր պատվին։
Ավելի վաղ արքայազնի նվիրած շնիկներն առաջինն են, որ 1944 թվականին իր 18-ամյակի առթիվ ծնողներից նվեր ստացած քորգիից չեն ծնվել։ Հայտնի է, որ թագուհու առաջին շան՝ Սյուզանի վերջին «ժառանգը», որը նրա 14-րդ սերունդն էր, սատկել է 2018 թվականին։