«Թեև Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչման լուրը նվաստացուցիչ էր Էրդողանի համար, սակայն նրա արձագանքը զուսպ էր»․ The New York Times-ը՝ Թրամփի հեռանալուց հետո Էրդողանի «զուսպ» կեցվածքի մասին
Դոնալդ Թրամփի հեռանալուց հետո, ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման նախաշեմին և Թուրքիայում տնտեսական ճգնաժամի ֆոնին այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այժմ փորձում է «լեզու գտնել» արևմտյան առաջնորդների հետ, գրում է The New York Times-ը։
Ինչպես նշում է պարբերականի հոդվածագիր Շարլոթ Բոլը, Թրամփի վարչակազմը վերջին չորս տարիների ընթացքում աչք է փակել Էրդողանի վարած քաղաքականության վրա, սակայն Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Բայդենի հետ հանդիպման նախաշեմին Թուրքիայի նախագահը քաջ գիտակցում է՝ ԱՄՆ-ի նոր վարչակազմի օրոք իր քայլերն անհետևանք չեն մնալու։
«Էրդողանի գործերն այնքան էլ լավ չեն․ կորոնավիրուսի համավարակի և տնտեսության փլուզման հետևանքով նա այժմ կանգնած է ներքին լուրջ խնդիրների՝ աճող գնաճի և գործազրկության, ինչպես նաև արժեզրկված լիրայի առաջ, որը կարող է պարտքային ճգնաժամ առաջացնել։ Այդ պատճառով էլ Արևմուտքից խիստ անհրաժեշտ ներդրումներ ստանալու ակնկալիքով նա մի շարք հարցերի շուրջ մեղմել է իր դիրքորոշումը»,- գրում է հոդվածագիրը՝ նշելով, որ արևմտյան առաջնորդներին սիրաշահելու համար Էրդողանը չեղարկել է Արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում գազի փնտրտուքները, «գործունեություն, որը բարկացրել էր ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին»։
Մինչ այժմ Բայդենը խուսափել է Էրդողանի հետ հրապարակային տարաձայնություններից՝ փորձելով հարցերը լուծել ավելի ցածր դիվանագիտական մակարդակներում, կարծում է հովածագիրը՝ նշելով, որ նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր Բայդենը միայն մեկ անգամ է խոսել Էրդողանի հետ, որպեսզի տեղեկացնի՝ «Միացյալ Նահանգներն Օսմանյան կայսրության կողմից հայերի զանգվածային սպանությունները Ցեղասպանություն է ճանաչելու»։
«Թեև այդ լուրը նվաստացուցիչ էր Էրդողանի համար և նախորդ տարիներին դրան կարող էր հետևել զայրույթի պոռթկումը, նրա արձագանքը զուսպ էր»,- գրում է հոդվածագիրը։
Շարլոթ Բոլը նաև նշում է, որ Անկարան շատ է ցանկանում երկիրը դուրս բերել տնտեսական ճգնաժամից, երկիրը նաև ձգտում է խուսափել ԱՄՆ-ի հետագա պատժամիջոցներից, որոնք սահմանվել էին ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերը ձեռք բերելուց հետո՝ ընդգծելով, որ տնտեսական խնդիրները բացասաբար են անդրադարձել նաև Էրդողանի քաղաքական կարիերայի վրա։