«Ջեյմս Քեմերոնը գողացել է». չեչեն գրողը պնդում է, որ «Ավատար» ֆիլմում օգտագործվել է իր վեպի սցենարը
Չեչեն գրող Ռուսլան Զաքրիևը 3-րդ անգամ կփորձի վիճարկել Ջեյմս Քեմերոնի «Ավատար» ֆիլմի հեղինակային իրավունքները՝ նպատակ ունենալով իրեն ճանաչել որպես ֆիլմի սցենարի համահեղինակ, հայտնում է «Իզվեստիա» թերթը՝ վկայակոչելով գրողի փաստաբան Դմիտրի Կազացկերին:
Զաքրիևը դատական հայց է ներկայացրել ընդդեմ 20th Century Fox International-ի ռուսական ներկայացուցչության, որը ֆիլմը ներկայացրել էր 2009 թվականին։ Գրողը պնդում է, որ «Ավատար» ֆիլմում օգտագործվել է 2002 թվականին համացանցում հրապարակված իր «Գաղտնի զենք» վեպի սյուժեն՝ ընդհուպ հատուկ դրվագներ և երկխոսություններ։
Փաստաբան Դմիտրի Կազացկերը նշել է, որ հայցն ավելի վաղ մերժվել էր, սակայն բողոքարկվելուց հետո այն քննվելու է Մոսկվայի դատարանում, և նշել, որ պնդելու են գործում անձամբ ներգրավել Ջեյմս Քեմերոնին։
Նախկինում գրողը երկու անգամ փորձել է հայց ներկայացնել դատարան՝ 2015 և 2019 թվականներին, սակայն երկու անգամ էլ հայցը չի ընդունվել։
«Ավատար» ֆիլմն էկրաններ է բարձրացել 2009 թվականին։ 237 միլիոն բյուջե ունեցող ֆիլմը կինովարձույթում հավաքել է ավելի քան 2,7 միլիարդ դոլար։