«Նա իր հայացքով և մեծահոգությամբ ինձ մորս հիշեցրեց»․ Բայդենը պատմել է Էլիզաբեթ 2-րդի հետ հանդիպման մասին (լուսանկարներ)
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վինձոր ամրոցում Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի հետ հանդիպումից հետո գովեստի խոսքեր է շռայլել 95-ամյա միապետի հասցեին և պատմել նրա հետ հանդիպման տպավորությունների մասին, գրում է Reuters-ը։
Բայդենի խոսքով՝ Էլիզաբեթ 2-րդը, որին «շատ է նմանացրել իր մորը», «Մեծ յոթնյակի» երկրների առաջնորդների գագաթնաժողովի ավարտին իր հետ մասնավոր հանդիպման ընթացքում հարցրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի մասին, նաև հետաքրքրվել է՝ «ինչպիսին է կյանքը Սպիտակ տանը»։
«Ես չեմ կարծում, որ նա կվիրավորվի, եթե ասեմ, որ նա իր հայացքով և մեծահոգությամբ ինձ մորս հիշեցրեց։ Նա չափազանց սիրալիր էր և մենք շատ հաճելի և երկար զրույց ունեցանք»,- Լոնդոնից Բրյուսել մեկնելուց առաջ լրագրողներին ասել է 78-ամյա Բայդենը՝ նշելով, որ 95-ամյա միապետը նաև հարցրել է ՌԴ-ի և Չինաստանի նախագահների մասին։
Բայդենը, որը Էլիզաբեթ 2-րդի հետ շրջել է Վինձոր ամրոցի շրջակայքում, ապա թեյել է նրա հետ, խոստովանել է՝ կցանկանար ավելի շատ ժամանակ անցկացնել թագուհու հետ։
Նշենք, որ 95-ամյա Էլիզաբեթ 2-րդն իր գահակալության տարիներին հանդիպել է ԱՄՆ-ի 12 նախագահների հետ։