Մադրիդում ցույցեր են տեղի ունեցել Կատալոնիայի անկախության փորձի առաջնորդների հնարավոր համաներման դեմ (լուսանկարներ)
Բանտում գտնվող կատալոնացի անջատողականներին ներում շնորհելու մասին վիճահարույց ծրագրի դեմ բողոքի ակցիաներ են կայացել Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում, հայտնում է BBC լրատվականը և հավելում, որ 2017 թվականին անկախանալու փորձի 12 մասնակիցների ներելու ծրագրի դեմ ցույցին միացել են Իսպանիայի աջակողմյան կուսակցությունների առաջնորդները։
Ցույցի մասնակիցները մեղադրում են սոցիալիստների գլխավորած Իսպանիայի կառավարությանը՝ ծրագիրն իրենց քաղաքական աջակցությունն ուժեղացնելուն ծառայեցնելու համար, սակայն կառավարությունը պնդում է, որ համաներման ծրագիրը կօգնի հանդարտեցնլ Կատալոնիայի շուրջ լարվածությունը։ Վարչապետ Պեդրո Սանչեսը նշել է, որ տվյալ քայլը կարող է իսպանացիների և կատալոնացիների մերձեցման միջոց լինել։
Տեղական El Mundo թերթի իրականացրած հարցման համաձայն՝ իսպանացիների 61 տոկոսը դեմ և 29,5 տոկոսը կողմ է համաներման վերաբերյալ օրենսդրական նախագծին։
Լրատվականը հիշեցրել է, որ 2017 թվականին Կատալոնիայի անկախանալու փորձը վերջին 40 տարվա մեծագույն քաղաքական ճգնաժամի սկիզբ է դարձել Իսպանիայում։ 2019 թվականին կատալոնացի անջատողական առաջնորդներից 9-ը մեղավոր են ճանաչվել անկախության ապօրինի հանրաքվեում ունեցած իրենց դերակատարման համար, իսկ մյուս 3-ը մեղավոր են ճանաչվել անհնազանդության համար։