Կրակոցներ Արարատի մարզում` «օրենքով գող» Մարսոյի գերեզմանի դիմաց. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է 50-ից ավելի պարկուճ. Մանրամասներ․ shamshyan.com
Հունիսի 13-ին, կրակոցներ են հնչել Արարատի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 19:15-ի սահմաններում, «Վեդի» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով կարճ ժամանակ անց՝ գիտակցության չգալով, մահացել է: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արարատ քաղաքի բնակիչ, 34-ամյա Արմեն Հովհաննիսյանն էր: Ոստիկաններն ու քննիչները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում տաք հետքերով պարզել են, որ Ա. Հովհաննիսյանին հրազենային վնասվածքներ պատճառվել է Արարատի մարզի Գոռավան գյուղի գերեզմաններում՝ 2009 թվականին սպանված «օրենքով գող» Մարսոյի՝ Մարզպետունի Պետրոսյանի գերեզմանի դիմաց տեղի ունեցած կրակոցների հետևանքով:
Դեպքի վայրում հայտնաբերվել են տարբեր հրազեններից արձակված 50-ից ավելի պարկուճներ, ՎԱԶ-21099 մակնիշի ավտոմեքենա, որի վրա կան կրակոցի բազմաթիվ հետքեր, արնանման հետքեր: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, սպանություն կատարող անձին, դեպքի մասնակիցներին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: Շամշյանի տեղեկություններով, սպանվածը տարիներ առաջ սպանության փորձի հեղինակ է եղել: