Բայդենը շնորհավորել է Իսրայելի նոր վարչապետին և ԱՄՆ-ն «Իսրայելի լավագույն ընկեր» անվանել
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Իսրայելի նոր վարչապետ Նաֆթալի Բենեթին և նրա կոալիցիոն գործընկեր Յաիր Լապիդին՝ պաշտոնի ստանձնման կապակցությամբ և խոստացել զարգացնել Իսրայելի հետ համագործակցությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
«Իմ վարչակազմը լիովին հավատարիմ է Իսրայելի նոր կառավարության հետ համագործակցությանը՝ իսրայելցիների, պաղեստինցիների և տարածաշրջանի ողջ բնակչության անվտանգության, կայունության և խաղաղության ապահովման համար», - ասված է Բայդենի նամակում, որտեղ նա նշել է, որ ԱՄՆ-ն Իսրայելի լավագույն ընկերն է։
Բենեթը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի առաջնորդին և երկու երկրների միջև հարաբերություններն ամրապնդելու հույս հայտնել։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Իսրայելի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հաստատել է կոալիցիոն կառավարության նոր կազմը՝ վերջ դնելով Բենյամին Նեթանյահուի 12-ամյա կառավարմանը։ Հաջորդ կառավարությունը կգլխավորի պաշտպանության նախկին նախարար, «Յամինա» կուսակցության առաջնորդ Նաֆթալի Բենեթը, որը նախօրեին Քնեսեթում (Իսրայելի խորհրդարանը) տեղի ունեցած արարողության ժամանակ երդում է տվել որպես Իսրայելի 13-րդ վարչապետ։