Պեկինում արձագանքել են Չինաստանի ազդեցությանը դիմակայելու G7-ի ձգտմանը
Չինաստանը կարծում է, որ երկրների ոչ մեծ խումբն այլևս չի կարող որոշել «աշխարհի ճակատագիրը», Չինաստանի աճող ազդեցությանը դիմակայելու հարցում G7-ի երկրների ղեկավարների ընդհանուր մոտեցմանն ի պատասխան հայտարարել Է Մեծ Բրիտանիայում ՉԺՀ-ի դեսպանատան մամուլի քարտուղարը, փոխանցում է ria.ru-ն։
«Մենք կարծում ենք, որ անկախ նրանից՝ երկրները մեծ, թե փոքր են, ուժեղ, թե թույլ են, հարուստ, թե աղքատ են, հավասար են և գլոբալ հարցերը պետք է լուծվեն խորհրդակցությունների միջոցով, որոնց մասնակցում են բոլոր երկրները։ Վաղուց արդեն անցյալում է այն պրակտիկան, երբ համաշխարհային որոշումները կայացնում էին մի խումբ երկրները»,- ասված է մամուլի քարտուղարի հայտարարության մեջ։
Չինացի դիվանագետը նաև նշել է, որ բազմակողմ հարաբերությունները պետք է հիմնված լինեն ՄԱԿ-ի սկզբունքների, միջազգային իրավունքի նորմերի, այլ ոչ թե «քաղաքական բլոկի» շահերի հիման վրա:
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել էր, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը և «Մեծ յոթնյակ»-ի երկրների մյուս ղեկավարները Չինաստանի նախագծերին հակազդելու նպատակով պայմանավորվել են զարգացող երկրների համար ենթակառուցվածքի զարգացման ոլորտում գլոբալ նախաձեռնության գործարկման մասին: