Պուտինը նշել է Բայդենի հետ հանդիպման նպատակները
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ հանդիպումից առաջ հայտարարել է, որ անհրաժեշտ է վերականգնել Բայդենի հետ անձնական շփումները, հաստատել ուղիղ երկխոսություն և ստեղծել երկու երկրների փոխգործակցության մեխանիզմներ, հաղորդում է ria.ru-ն։
«Հանդիպման նպատակն է վերականգնել մեր անձնական շփումները, հարաբերությունները, հաստատել ուղիղ երկխոսություն, ստեղծել փոխգործակցության իրական գործող մեխանիզմներ այն ուղղություններում, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում»,- խոսելով Բայդենի հետ առաջիկա հանդիպման ակնկալիքների մասին՝ Смотрим մեդիահարթակին տված հարցազրույցում ասել է Պուտինը։
ՌԴ նախագահը նաև նշել է, որ այդ մասին հայտարարում է նաև ամերիկյան կողմը։
«Կան մի շարք հարցեր, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում: Դա և՛ ռազմավարական կայունությունն է, և՛ տարածաշրջանային հակամարտությունները, և՛ բնապահպանական միջոցառումները։ Այսինքն, կան հարցեր, որտեղ մենք իսկապես կարող ենք արդյունավետ աշխատել»,- հավելել է Պուտինը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և ՌԴ-ի նախագահների հանդիպումը Ժնևում տեղի կունենա հունիսի 16-ին։