Չինաստանում գազի պայթյունի հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել
Այսօր Չինաստանի Հուբեյ նահանգի Շիյան քաղաքում բնական գազի պայթյունի հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել, 144-ը հոսպիտալացվել է, Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը հղումով գրում է CNN-ը։
Ըստ հաղորդման՝ պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 6։30-ի սահմաններում՝ Չժանվան շրջանի բնակելի համալիրի տարածքում, որտեղ գտնվել է սննդի մեծ շուկա։ Պայթյունի ալիքը մոտ 40 կրպակ է ավերել։
Ինչպես նշում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, պայթյունի պահին շուկան արդեն աշխատելիս է եղել։ Փրկարարները կարողացել են փլատակների տակից դուրս բերել 144 մարդու, նրանք բոլորը հոսպիտալացվել են։ 37 մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, 11-ը զոհվել են:
Վթարի պատճառը բացահայտելու համար տեղի իշխանությունները հետաքննություն են սկսել։