Բանակցությունների հերթական փուլի արդյունքում դժվար թե հաջողվի միջուկային գործարքի շուրջ ԱՄՆ-ի հետ վերջնական պայմանավորվածություն ձեռք բերել. Արաղչի
Վիեննայում միջուկային գործարքի շուրջ իրանա-ամերիկյան բանակցությունների` hունիսի 12-ին մեկնարկած 6-րդ փուլը հազիվ թե լինի վերջինը, և բանակցողները ստիպված են լինելու նվազագույնը մեկ անգամ ևս մեկնել իրենց մայրաքաղաքներ՝ խորհրդակցությունների նպատակով, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար, իրանական կողմից գլխավոր բանակցող Աբբաս Արաղչին:
«Ես անձամբ չեմ կարծում, որ մեկ շաբաթվա ընթացքում մենք կկարողանանք համաձայնության գալ»,- ասել է իրանցի բանագնացը:
Ավելի վաղ տարբեր քաղաքական գործիչներ ու դիվանագետներ, այդ թվում՝ հենց ինքը Արաղչին, հայտարարել էին, որ բանակցությունների 6-րդ փուլը, գուցե, վերջինը լինի, և հնարավոր լինի եզրափակիչ պայմանավորվածություն ձեռք բերել:
Արաղչին, միաժամանակ, դժվարացել է հստակ նշել, թե երբ կարող է կայանալ բանակցությունների հաջորդ փուլը:
«Դա հնարավոր չէ կանխատեսել: Անգամ չեմ կարող ասել, թե որքան կտևի բանակցային այս փուլը»,- ասել է իրանցի դիվանագետը:
Իրանի ԱԳ նախարարի տեղակալը նշել է նաև, որ ներկա պահին իրավիճակը բարդ է:
«ԱՄՆ-ի՝ միջուկային գործարքին վերադառնալը տեխնիկական, իրավական և քաղաքական հարցերի է առնչվում: ԱՄՆ քայլերի ստուգումը ևս բարդություններ կարող է առաջացնել, որոնց լուծումը հստակ ծրագրի առկայություն է պահանջում»,- ասել է Արաղչիին:
Այս տարվա ապրիլից Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում անցկացվում են Իրանի միջուկային գործարքի շուրջ Իրանի և Հնգյակի անդամ երկրների՝ Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Չինաստանի և Ֆրանսիայի ներկայացուցիչների մասնակցությամբ բանակցությունները:
Գործընթացը նախատեսում է Իրանի նկատմամբ սահմանված ամերիկյան պատժամիջոցների վերացում, ԱՄՆ-ի վերադարձ միջուկային գործարքին և Իրանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարում: