Կանադայում հազարավոր մարդիկ դուրս են եկել երթի՝ ի պաշտպանություն անցյալ կիրակի սպանված մուսուլման ընտանիքի
Կանադայում հազարավոր մարդիկ դուրս են եկել երթի՝ ի պաշտպանություն անցյալ կիրակի վրաերթի հետևանքով սպանված մուսուլման ընտանիքի, հայտնում է Al Jazeera լրատվականը։
Օնտարիո նահանգի Լոնդոն քաղաքում երթի մասնակիցները քայլերթով անցել են 7 կիլոմետր ճանապարհ՝ ընտանիքի սպանության վայրից դեպի մզկիթ, որի մերձակայքում ձերբակալվել էր 20-ամյա հանցագործը։
Երթի մասնակիցները պարզել են «Այստեղ ատելությունը տեղ չունի», «Սեր ատելության փոխարեն» գրությամբ պաստառներ։
Միջադեպի հետաքննությունը ղեկավարող Պոլ Ուայթը նշել է, որ ապացույցներ կան, «որ դա ատելությունից դրդված պլանավորված և կանխամտածված արարք է եղել»:
Վարչապետ Ջասթին Թրյուդոն սպանությունները որակել է որպես «ահաբեկչություն» և խոստացել ճնշել աջ ծայրահեղական խմբավորումներին և ատելությունը։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Կանադայի Օնտարիո նահանգի Լոնդոն քաղաքում մեքենայի վարորդը դիտավորյալ վրաերթի է ենթարկել մուսուլման ընտանիքի։ Մեքենան հարվածել է հինգ հոգանոց ընտանիքի, տուժածներից մեկը տեղում մահացել է, երեքը մահացել են հիվանդանոցում: Միայն 9 տարեկան երեխային է հաջողվել ողջ մնալ: Քաղաքապետի հրամանով հայտարարվել է եռօրյա սուգ: Բացի այդ, կանադական քաղաքում իջեցվել են դրոշները։
Հայտնի է, որ մահացածները 46-ամյա Սալման Աֆզաալը, նրա 44-ամյա կինը՝ Մադիհա Սալմանը, նրանց 15-ամյա դուստր Յումնա Սալմանը և նրա 74-ամյա մայրը՝ Թալաթ Աֆզաալն են։ 9-ամյա Ֆայեզի վիճակը, որը գտնվում է հիվանդանոցում, կայուն է։