Պուտինը և Բայդենը հայտնվել են TIME-ի շապիկին (լուսանկար)
Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի՝ Շվեյցարիայում կայանալիք հանդիպման նախաշեմին ամերիկյան TIME հանդեսի շապիկին է հայտնվել երկու երկրների նախագահների լուսանկարը։
Լուսանկարում, մասնավորապես, Ջո Բայդենը կրում է արևապաշտպան ակնոց, որի ապակու մեջ արտացոլված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կերպարը։
Հիշեցնենք, որ երկու պետությունների ղեկավարները Ժնևում կհանդիպեն հունիսի 16-ին:
Հինգշաբթի առավոտյան Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտը (ԱԳՆ) հայտարարել է, որ Ժնևյան Լա Գրանժ վիլլան կլինի Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների հանդիպման վայրը:
Այգում և վիլլայում երկուշաբթի օրվանից աշխատանքներ են տարվում շրջագիծը բարելավելու և պաշտպանելու ուղղությամբ: Ամբողջ շաբաթ այգու շուրջ տեղադրվում էին երկաթե ցանկապատեր, որոնք հինգշաբթի շրջափակվել են նաև փշալարերով: Այգու ներսում բոլոր մուտքերը հսկվում են ոստիկանության կողմից: Այգու շուրջ կայանելը նույնպես արգելվում է, իսկ այնտեղ թողնված մեքենաները տարհանվում են:
Այգուց մի փոքր հեռու, Ժնևի հայտնի շատրվանի մոտ, զինվորականները փակում են տարածքը, քանի որ առափնյա ամբողջ հատվածը Օ Վիվ և Լա Գրանժ զբոսայգիներից մինչև Մոնբլան կամուրջ, ափամերձ ջրերի հետ միասին հայտարարվել է անվտանգության գոտի: Հունիսի 16-ի վաղ առավոտից այստեղ երթևեկությունն ամբողջությամբ կարգելվի: Մոնբլանի կամրջի ծրագրային վերանորոգումը նույնպես ժամանակավորապես կդադարեցվի:
Ժնևի իշխանությունները, գագաթնաժողովի օրը կանխատեսելով երթևեկության հնարավոր խնդիրները, ընկերություններին խորհուրդ են տվել հունիսի 16-ին անցնել հեռավար աշխատանքի: