Քեյթ Միդլթոնն ու Ջիլ Բայդենը G7-ի գագաթնաժողովին զուգահեռ կանանց իրավունքների ընդլայնման վերաբերյալ սեմինար կանցկացնեն (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամի կինն ու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կինը պատրաստվում են «Մեծ յոթնյակ»-ի գագաթնաժողովին զուգահեռ կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնման վերաբերյալ սեմինար անցկացնել, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։
Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնն ու Միացյալ Նահանգների առաջին տիկին Ջիլ Բայդենն առաջին անգամ են հանդիպելու: Նրանք կխոսեն նաև երեխաներին և վաղ կրթությանը վերաբերող հարցերից և կզբոսնեն Քորնուոլի դպրոցում։
«Մեծ յոթնյակ»-ի գագաթնաժողովը նպատակ ունի կորոնավիրուսի համաճարակից հետո արագ վերականգնել Յոթնյակի պետություններն ու աշխարհը։
Երեկոյան Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը և արքայազն Չարլզը հյուրընկալելու են «Մեծ յոթնյակ»-ի պետությունների ղեկավարներին և նրանց կողակիցներին։ Ընթրիքին միանալու են նաև Քորնոուլի դքսուհի Կամիլան և Քեմբրիջի դուքսն ու դքսուհին, ինչը վերջիններիս առաջին մասնակցությունը կլինի «Մեծ յոթնյակ»-ի շրջանակում կազմակերպվելիք միջոցառումներին։
Կիրակի ԱՄՆ նախագահը և առաջին տիկինը հանդիպելու են Էլիզաբեթ 2-րդի հետ, ինչին անդրադառնալով՝ Ջիլ Բայդենն ասել է․ «Սա մեր այցելության հիանալի կետն է։ Մենք շաբաթներ շարունակ սպասում էինք, և վերջապես այստեղ ենք։ Սա լավ սկիզբ է»։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահն ու առաջին տիկինը մեկնել են Մեծ Բրիտանիա՝ մասնակցելու գագաթնաժողովին։ Սա Ջո Բայդենի կողմից ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո առաջին արտասահմանյան այցն է, որի ավարտին Ջո Բայդենը սպասվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո Ժնևում կհանդիպի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։