«Շերեմետևո»-ում Դուբայից վերադարձող կնոջ մոտ շուրջ 25,5 միլիոն ռուբլու մաքսանենգ ապրանք են գտել
Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի մաքսատան աշխատակիցները շուրջ 25,5 միլիոն ռուբլու թանկարժեք իրեր և կաշվե արդուզարդի առարկաներ են գտել ռուսաստանցի կնոջ մոտ, որը վերադառնում էր Դուբայից: Այդ մասին պատմել են Դաշնային մաքսային գերատեսչության մամուլի ծառայությունում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Շերեմետևո» օդանավակայանում մաքսատան աշխատակիցները ձերբակալել են 51-ամյա ռուսաստանցի կնոջ, որը փորձել է անօրինական ճանապարհով Դուբայից Ռուսաստան բերել թանկարժեք ոսկերչական իրեր և կաշվե արդուզարդի առարկաներ»,-ասվում է հաղորդագրության մեջ: Հաղորդվում է, որ կինն անցել է «կանաչ» միջանցքով, թանկարժեք զարդերն ու կաշվից պատրաստված ապրանքները հայտարարագրված չեն եղել: Ուղեբեռը զննելիս տեսուչը հայտնաբերել է 17 ոսկերչական արտադրանք, երեք պայուսակ և մեկ զույգ հայտնի բրենդի կոշիկ:
Մաքսային փորձաքննությունը պարզել է, որ ոսկերչական իրերը պատրաստված Էին թանկարժեք մետաղներից՝ զարդարված թանկարժեք քարերով: «Բռնագրավված բոլոր ապրանքների արժեքը կազմել է շուրջ 25,5 միլիոն ռուբլի, չմուծված մաքսային վճարումների գումարը՝ 7,4 միլիոն ռուբլի»,-պատմել են գերատեսչության մամուլի ծառայությունում: Այժմ որոշվում է ՌԴ քրեական օրենսգրքի 194 հոդվածի երկրորդ մասով (առանձնապես խոշոր չափով մաքսային վճարումներից խուսափում) և ՌԴ քրեական օրենսգրքի 226.1 հոդվածի առաջին մասով (թանկարժեք մետաղներից պատրաստված ոսկերչական իրերի մաքսանենգ ապրանքներ, որոնք ներառված են ռազմավարական տեսակետից կարևոր ապրանքների ցանկում) քրեական գործ հարուցելու հարցը: