Վլադիկավկազը տարանցիկ չվերթներով կկապի Երևանն ու Ղրիմը
Ռուսական Nordwind ավիաընկերությունը հունիսի 15-ից կսկսի իրականացնել տարանցիկ թռիչքներ Սիմֆերոպոլի միջազգային օդանավակայանից դեպի Երևան և հակառակ ուղղությամբ`կանգառ կատարելով Վլադիկավկազում: Այս մասին տեղեկացնում է ղրիմյան օդանավակայանի մամուլի ծառայությունը, գրում է EADaily լրատվականը:
Embraer E190 ինքնաթիռներով թռիչքները կիրականացվեն շաբաթը 1 անգամ ՝ երեքշաբթի օրերին, մինչև հոկտեմբերի 26-ը: Ուղևորության ընդհանուր տևողությունը կկազմի մոտ 5 ժամ:
«Սիմֆերոպոլի և Վլադիկավկազի միջև ուղիղ թռիչքները նորագույն պատմության մեջ կիրականացվեն առաջին անգամ: Դրանց մեկնարկից հետո դեպի Ղրիմ թռիչքների աշխարհագրությունը կընդլայնվի` հասնելով ռեկորդային 63 ուղղության», - նշել է Սիմֆերոպոլի միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունը:
Այնտեղ նաև նշել են, որ նոր թռիչքները կհետաքրքրեն Սիմֆերոպոլից Հայաստանի մայրաքաղաք ուղևորվողներին: Վլադիկավկազում հարմար կանգառն ապահովում է այս ուղղությամբ ամենաարագ և հարմարավետ թռիչքը: