Կանադայում մուսուլման ընտանիքին դիտավորյալ վրաերթի ենթարկած 20-ամյա տղան կանգնել է դատարանի առաջ
Կանադայում դիտավորյալ մուսուլման ընտանիքին վրաերթի ենթարկած 20-ամյա Նաթանիել Վելթմանը դատարանի առաջ է կանգնել, հայտնում է Al Jazeera լրատվականը և հավելում, որ դատական հաջորդ նիստը տեղի է ունենալու հաջորդ շաբաթ։
Նաթանիել Վելթմանը ձերբակալվել է կիրակի օրը՝ Օնտարիո նահանգի Լոնդոն քաղաքում՝ մզկիթից մի փոքր հեռավորության վրա։ Ոստիկանության տվյալներով՝ նա կրել է զրահաբաճկոն և սաղավարտ։ Ըստ իրավապահների՝ նա ոչ մի ծայրահեղական խմբավորման անդամ չէ:
Ոստիկանությունը տեղեկացրել է, որ ահաբեկչության մեղադրանքները դեռևս դիտարկվում են, և հավելել, որ նրան մեղադրանք է առաջադրվել առաջին աստիճանի սպանության 4 և սպանության փորձի 1 դեպքի առթիվ։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Կանադայի Օնտարիո նահանգի Լոնդոն քաղաքում մեքենայի վարորդը դիտավորյալ վրաերթի է ենթարկել մուսուլման ընտանիքի։ Մեքենան հարվածել է հինգ հոգանոց ընտանիքի, տուժածներից մեկը տեղում մահացել է, երեքը մահացել են հիվանդանոցում: Միայն 9 տարեկան երեխային է հաջողվել ողջ մնալ: Քաղաքապետի հրամանով հայտարարվել է եռօրյա սուգ: Բացի այդ, կանադական քաղաքում իջեցվել են դրոշները։
Հայտնի է, որ մահացածները 46-ամյա Սալման Աֆզաալը, նրա 44-ամյա կինը՝ Մադիհա Սալմանը, նրանց 15-ամյա դուստր Յումնա Սալմանը և նրա 74-ամյա մայրը՝ Թալաթ Աֆզաալն են։ 9-ամյա Ֆայեզի վիճակը, որը գտնվում է հիվանդանոցում, կայուն է։
Իսլամական համագործակցության կազմակերպությունը կոչ է արել իշխանություններին ձեռնարկել անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ մուսուլմանների դեմ ատելության դեմ պայքարելու համար։