Եթե հայտնի թուրք գործիչ Քավալայի կալանավորումը շարունակվի, մարդու իրավունքների խախտման գործընթաց կսկսվի Թուրքիայի դեմ. Եվրախորհրդի հայտարարությունը
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն հայտարարել է, որ եթե թուրք գործարար, վերլուծաբան և հասարակական գործիչ Օսման Քավալայի կալանավորումը Թուրքիայում շարունակվի, դա նախաձեռնելու է երկրի դեմ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտման գործընթաց: Այս մասին գրում է Gazete Karınca պարբերականը:
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն, որը վերահսկում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումների իրագործումը, հանդես է եկել հայտարարությամբ ՝ նշելով, որ ձերբակալված Օսման Քավալայի վերաբերյալ ՄԻԵԴ որոշումը, որը հրապարակվել է 2019 թվականի դեկտեմբերի 10-ին և վերջնական է դարձել այս տարվա մայիսին, չի իրականացվել:
Նշելով, որ Քավալայի կալանավորումը կամայական է, կոմիտեն հայտարարել է, որ եթե կալանքը շարունակվի, այն նախաձեռնելու է Թուրքիայի դեմ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտման գործընթաց:
Խոսելով ապրիլի վերջին Թուրքիայում ուժի մեջ մտած Մարդու իրավունքների ոլորտում գործողությունների ծրագրի մասին՝ Նախարարների կոմիտեն հայտարարել է, որ դատական համակարգի անկախության ամրապնդմանն ուղղված ծրագիրն ընդհանուր առմամբ դրական ազդեցություն է ունեցել, բայց այն հեռու է դատական համակարգը գործադիր մարմնի չափազանց մեծ ազդեցությունից պաշտպանելուց:
Օսման Քավալան Գեզիի զբոսայգու ցույցերի գործով 2020 թվականի փետրվարի 18-ին 9 արդարացված անձանցից մեկն է, նրան ազատ էին արձակել խիստ ռեժիմի բանտից, տեղափոխել էին հիվանդանոց` առողջությունը ստուգելու, որից հետո կրկին ձերբակալել են:
Մարդու իրավունքների թուրքական և միջազգային մի շարք կազմակերպություններ Քավալայի այս ձերբակալությունը բնորոշել են որպես «ցինիզմ« թուրքական իշխանությունների կողմից:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը՝ Քավալան հիմնադրել ու ղեկավարում է թուրքական հայտնի «Անադոլու քյուլթուր» հիմնադրամը, որը զբաղվում է մշակութային փոխանակության ու մշակութային ժառանգության ուսումնասիրության լայնածավալ ծրագրերով Թուրքիայում, տարածաշրջանում և Եվրոպայում: Ծնունդով Փարիզից թուրք գործիչը հովանավորել է նաև Դիարբեքիրի մշակութային տան, Պատմության հիմնադրամի ծրագրերն ու Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի անդամ է: