Շուրջ 1,5 մլրդ ռուբլի. Մոսկվայում դատարանը հավասարապես կիսել է Եվգենի Պետրոսյանի և Ելենա Ստեպանենկոյի ունեցվածքը
Մոսկվայի Խամովնիչյան շրջանի դատարանը նախկին ամուսինների` հումորիստներ Եվգենի Պետրոսյանի և Ելենա Ստեպանենկոյի միջև հավասարապես կիսել է ունեցվածքը, ինչի մասին հաղորդում է lenta.ru-ն:
Դատական նիստը, որի ժամանակ որոշվել է ունեցվածքը հավասար կիսել, կայացել է փակ ռեժիմով:
Աղբյուրը հիշեցնում է, որ նախորդ տարվա սեպտեմբերին Պետրոսյանը հայտարարել է, որ Ստեպանենկոյից բաժանվել է սեփական նախաձեռնությամբ: Նրա խոսքով` «նախկին կինն իրեն կյանքից դուրս էր շպրտել շատ վաղուց»:
Ամուսնալուծության ֆոնին լրագրողների ուշադրության կենտրոնում է հայտնվել հումորիստների ունեցվածքը, որը գնահատվել է մոտ 1,5 մլրդ ռուբլի: Այժմ նախկին ամուսինները համատեղ ձեռք բերված կարողությունը կիսել են դատարանի միջոցով:
Պետրոսյան-Ստեպանենկո զույգն ամուսնալուծվել է 2018-ին`33 տարվա համատեղ կյանքից հետո: Դրանից հետո Պետրոսյանն ամուսնացել է 31-ամյա օգնականի` Տատյանա Բրուխունովայի հետ, որից որդի է ունեցել: