«Չքնե՛ք Պուտինի հետ հանդիպմանը». Թրամփը՝ «քնկոտ» Բայդենին
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մաղթել է, որ ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը չքնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, և խնդրել է փոխանցել իր լավագույն բարեմաղթանքները, գրում է EurAsia Daily-ն:
«Հաջողություն Բայդենին նախագահ Պուտինի հետ բանակցություններում: Չքնե՛ք հանդիպման ընթացքում, և խնդրում եմ իմ բարեմաղթանքները փոխանցել նրան (Պուտինին-խմբ.)», - ասված է Թրամփի հայտարարության մեջ:
Հիշեցնենք՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում Թրամփը բազմիցս իր մրցակցին անվանել է «քնկոտ Ջո»:
Թրամփը հավելել է, որ Հելսինկիում 2018-ին Ռուսաստանի նախագահի հետ իր հանդիպումը «գերազանց ու շատ արդյունավետ է եղել»: Ամերիկայի նախկին ղեկավարը վստահություն էր հայտնել, որ Միացյալ Նահանգները, հակառակ լրատվամիջոցների պնդումների, գագաթնաժողովում «շատ բան է շահել, այդ թվում՝ ՌԴ նախագահ Պուտինի և Ռուսաստանի հարգանքը»:
Թրամփը նաև շեշտել է, որ Ռուսաստանին առնչվող շահարկումների տարածման պատճառով, «որոնք հորինել և ֆինանսավորել են դեմոկրատները և Հիլարի Քլինթոնը, ԱՄՆ-ն գտնվել է անբարենպաստ վիճակում»: Հանրապետականի խոսքով՝ նա «կարողացել է դա հաղթահարել»:
Նշենք՝ ՌԴ-ԱՄՆ գագաթնաժողովը տեղի կունենա հունիսի 16-ին, Շվեյցարիայի Ժնև քաղաքում: