Հարկ եղած դեպքում ինքս կլինեմ առաջնագծում, իմ հնարավորություններով թույլ չեմ տա, որ բախումներ լինեն․ Վալերիյ Օսիպյանը՝ քաղաքացիական բախումների մասին. «Հրապարակ»
«Նիկոլ Փաշինյանի օրոք ոստիկանապետ դարձած, հետո այդ պաշտոնից ինքնակամ ազատված Վալերիյ Օսիպյանը, ինչպես հայտնի է, սատարում է Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքին ու երբեմն մասնակցում դաշինքի հանրահավաքներին: Դրանցից մեկի ժամանակ հանդիպելով նրան՝ հարցրինք, թե ինչու է որոշել սատարել հենց «Հայաստան» դաշինքին ու Ռոբերտ Քոչարյանին: «Որովհետև ես ավելի քան վստահ եմ, որ միայն Ռոբերտ Քոչարյանը կարող է Հայաստանն այս ստեղծված իրավիճակից դուրս բերել՝ իր փորձով, իր ամեն ինչով: Տասը տարի շարունակ ինքը եղել է մեր երկրի ղեկավարը, ես աշխատել եմ իր օրոք և բազմիցս ասել եմ, որ մենք ունեցել ենք հզոր երկիր, մենք ունեցել ենք ուժեղ ոստիկանություն, և վստահ եմ, որ Ռոբերտ Քոչարյանը կկարողանա արժանապատիվ դուրս բերել Հայաստանն այս վիճակից»,- ասաց Օսիպյանը:
-Բայց Դուք Սերժ Սարգսյանի օրոք էլ եք աշխատել, նա էլ փորձ ունի, նա էլ է տասը տարի ղեկավարել մեր երկիրը, նաև Արթուր Վանեցյանի հետ եք աշխատել, նրանք չե՞ն կարող մեր երկիրն այս վիճակից դուրս բերել:
-Ես բան չունեմ ասելու որևէ մեկի հասցեին, թույլ չեմ տալիս ինձ որևէ մեկին գնահատել, բայց կոնկրետ իմ վստահությունը, համակրանքը Ռոբերտ Քոչարյանի հանդեպ է:
-Դուք ցուցակում ընդգրկված չեք, առաջարկ չի՞ եղել, թե եղել է՝ Դուք չեք ցանկացել:
-Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ես 32 տարի ուսադիր եմ կրել, ես ոստիկան եմ, ծառայել եմ Հայաստանի Հանրապետությանը և հիմա էլ եմ ծառայում: Դա չի նշանակում, որ եթե ես պաշտոնաթող գեներալ եմ, այս պահին չեմ աշխատում, ուրեմն չեմ շարունակում ծառայել իմ ժողովրդին:
-Եթե Ռոբերտ Քոչարյանը գա իշխանության, Դուք կհավակնե՞ք նորից պաշտոն զբաղեցնելու, օրինակ՝ ոստիկանապետի:
-Ուրեմն, որևէ մեկին թող չթվա՝ եթե ես աջակից եմ, բարձրաձայնում եմ և չեմ թաքցնում իմ համակրանքը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, ուրեմն ես ինչ-որ հավակնություններ ունեմ հետագայում որևէ պաշտոնի: Ես ոչ մի սպասելիք չունեմ Ռոբերտ Քոչարյանից և ինչով կարող եմ, աջակցում եմ այս պահին, որպեսզի Հայաստանը դուրս գա այս իրավիճակից: Եթե ինձ նպատակահարմար կգտնեն, ես ծառայող եմ, պատրաստ եմ ծառայել իմ հայրենիքին:
-Նիկոլ Փաշինյանի քարոզարշավին հետևո՞ւմ եք, նա անընդհատ սպառնալիքներ է հնչեցնում, կարծես հասկացնում է, որ բախումների, քաղաքացիական պատերազմի է տանելու ժողովրդին, ի՞նչ կարող եք ասել այս մասով:
-Այո, հետևում եմ, անթույլատրելի եմ համարում այդ հայտարարությունները, ազգը պառակտել և տանել բախումների՝ անթույլատրելի եմ համարում և, օգտվելով առիթից, կոչ եմ անում իմ գործընկերներին՝ ոստիկաններին, որպեսզի զերծ մնան նման արտահայտություններից ու այդ գործընթացն ապահովելուց, քանի որ վաղը, մյուս օրը բոլորը կկանգնեն օրենքի առջև ու կկրեն իրենց համապատասխան պատիժը: Կոչ եմ անում ոստիկաններին, որ զերծ մնան, չտանեն ժողովրդին բախման և պառակտման չենթարկեն: Առանց այն էլ արդեն ազգի մեջ կան «սև ու սպիտակներ», նախկիններ-ներկաներ: Հարկ եղած դեպքում ինքս կլինեմ առաջնագծում, իմ հնարավորություններով թույլ չեմ տա, որ նմանատիպ բախումներ լինեն:
-Բայց տեսնում ե՞ք դրա ռիսկը, որ կարող է բախումներ լինեն, քանզի ասում Են՝ Փաշինյանը հեշտ չի զիջի աթոռը:
-Բայց Փաշինյանի զիջել-չզիջելով չէ, եթե ժողովուրդն իր ձայնը տա «Հայաստան» դաշինքին, էստեղ ինչ է մնում, մնում է, որ Փաշինյանը դառնա նախկին:
-Կարծում եք՝ ժողովուրդը կտա՞ իր ձայնը Քոչարյանի գլխավորած դաշինքին:
-Այո, ես տեսնում եմ, հետևում եմ, վերլուծություններ եմ անում, մոնիտորինգ եմ անում, և դրանց հիման վրա՝ պարոն Քոչարյանի գլխավորած դաշինքի հեղինակությունն օր-օրի բարձրանում է:
-Ամեն դեպքում, ասում են՝ 50+1 տոկոս որևէ ուժ չի հավաքի, և կոալիցիայի միջոցով կձևավորվի իշխանությունը: Դուք ի՞նչ եք կարծում՝ Քոչարյանն ո՞ւմ հետ պետք է կոալիցիա ձևավորի:
-Եկեք առաջ չընկնենք, բայց էսպիսի բան կասեմ՝ այն ուժերի հետ, որոնք դեմ են ներկայիս իշխանությանը: Եթե դեմ են, ոչ թե ինչ-որ ձևական բնույթ է կրում այդ ամենը, թող ապացուցեն իրենց խոսքերը գործով:
-ԲՀԿ-ն ու «Պատիվ ունեմ» դաշինքը, օրինակ, հայտարարել են, որ դեմ են:
-Եթե հայտարարել են, վստահ եմ՝ իրենց հայտարարության տերը կլինեն»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։