Արքայազն Հարին և Մեգան Մարքլը BBC-ին մեղադրել են «փաստերը խեղաթյուրելու և զրպարտության» համար
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին և Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը BBC-ին մեղադրել են իրենց վերաբերյալ հոդվածում «փաստերը խեղաթյուրելու» համար, հաղորդում է The Times-ը։
Ինչպես նշում է թերթը, թագավորական զույգը, մասնավորապես, հայտնի հեռուստաընկերությանը մեղադրել է իրենց նորածին դստեր՝ Լիլիբեթ Դիանա Մոնտբատտեն-Ուինդզորի անվան ընտրության հետ կապված հոդվածի համար։
Սասեքսի դուքսի և դքսուհու փաստաբանների՝ իրավաբանական նախազգուշացման հայտարարության մեջ նշվում է, որ այն տեղեկատվությունը, թե զույգը նախքան իրենց դստերը Լիլիբեթ (ի պատիվ Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդի, որին մանկության տարիներին կոչել են Լիլիբեթ- խմբ․) անվանակոչելը չի խորհրդակցել միապետի հետ, զրպարտություն է։
«Հոդվածը կեղծ և զրպարտիչ է, և դրանում պարունակվող մեղադրանքներն անթույլատրելի են և չպետք է կրկնվեն։ Դուքսն իր դստերն անվանակոչելուց առաջ խորհրդակցել է իր ընտանիքի հետ, ավելին՝ նրա տատիկը ընտանիքի առաջին անդամն էր, ում զանգահարել է և նրա հետ զրույցի ընթացքում հայտնել է, որ ցանկանում է դստերն իր պատվին Լիլիբեթ անվանակոչել»,- ասված է հայտարարության մեջ։
Հունիսի 4-ին լույս աշխարհ եկած Լիլիբեթ Դիանա Մաունթբաթեն-Վինձոր ծննդյան մասին հայտնի էր դարձել օրերս․ նա Էլիզաբեթ 11-րդ ծոռնուհին է։
Զույգը դստերն անվանել է Լիլիբեթ «Լիլի»՝ Դիանա Մոնտբատտեն-Ուինդզոր՝ ի պատիվ Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդի, որին մանկության տարիներին կոչել են Լիլիբեթ, և տատիկի՝ արքայադուստր Դիանայի:
Հիշեցնենք՝ արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը ամուսնացել են 2018-ի մայիսին: Մեկ տարի անց զույգն ունեցել էր որդուն՝ Արչիին:
2020 թվականի հունվարին Մեգանն ու Հարրին հրաժարվել էին իրենց թագավորական լիազորություններից: Նրանք դադարել են պաշտոնապես ներկայացնել Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը և ստանալ կառավարության ֆինանսավորումը: Դրանից հետո զույգը տեղափոխվել էր Կանադա, այնուհետև Միացյալ Նահանգներ։