Կորոնավիրուսի դեմ իրանական «Ֆախրա» պատվաստանյութը փորձարկման 2-րդ փուլում է
Սկսվել է կորոնավիրուսի դեմ իրանական «Ֆախրա» պատվաստանյութի փորձարկումների 2-րդ փուլը, հայտնում է Tehran Times թերթը և հավելում, որ այն իրականացվում է 500 կամավորների շրջանում։
Պատվաստանյութը, որն անվանվել է ի պատիվ սպանված միջուկային գիտնական Մոհսեն Ֆախրիզադեի, կլինիկական փորձարկումների առաջին փուլը սկսել է 2021 թվականի մարտին, որի ընթացքում պատվաստվել է շուրջ 135 մարդ։
Առողջապահության նախարարության թույլտվությունը ստանալուց հետո պատվաստանյութը 3-րդ փուլում կօգտագործվի 30 հազար դեղաչափով։
Հիշեցնենք, որ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին տեղեկացրել էր, որ պատվաստանյութերի բավարար քանակի ապահովման դեպքում Իրանում հարակից հիվանդություն ունեցող մարդկանց պատվաստումները կավարտվեն հուլիսի վերջին, իսկ ամբողջ բնակչության պատվաստումը մինչև նոյեմբերի վերջ ավարտված կլինի։
Հիշեցնենք, որ, իրանական առաջին՝ COVIRAN BAREKAT պատվաստանյութը, որի մասին առաջին անգամ խոսվել է 2020 թվականի դեկտեմբերի 29-ին և որի արտադրությունը սկսվել է 2021 թվականի մարտի 29-ին, փորձարկման 3-րդ փուլում է։ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի անմիջական կառավարման ներքո գտնվող Execution of Imam Khomeini's Order կազմակերպության կողմից ստեղծված պատվաստանյութը 3-րդ փուլով փորձարկվել է 18-ից 75 տարեկան 10,5 հազար կամավորների շրջանում: