«Եթե ադրբեջանցիների համար ինչ-որ բան այնպես չէ, թող տուն վերադառնան». Ժիրինովսկին` ՌԴ-ում 19-ամյա Աբդուլլաևի սպանությունից հետո ադրբեջանցիների սկսած բողոքի ակցիաների մասին
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ՌԼԴԿ) հիմնադիր և նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին, ՌԴ-ում ճանապարհային ոստիկանի կողմից 19-ամյա ադրբեջանցի Վելիկ Աբդուլլաևի սպանության և ավելի ուշ ոստիկանի ազատ արձակման ֆոնին, քննադատել է Ադրբեջանի խորհրդարանի անդամներին ու նաև Նովոսիբիրսկի իշխանություններին, գրում է nsk.tsargrad.tv-ն:
«Նովոսիբիրսկի մարզում ձերբակալման ընթացքում ոստիկանը պատահաբար կրակել է ճանապարհատրանսպորտային իրավախախտներից մեկի վրա: Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորները ինչ-որ բողոք են իրականացնում: Ձեզ ի՞նչ: Եթե Ադրբեջանի ներկայացուցիչների, բնակիչների համար ինչ-որ բան այնպես չէ, թող տուն վերադառնան»,-ասել է քաղաքական գործիչը:
Ժիրինովսկին քննադատել է նաև քաղաքային իշխանությունների գործողությունները: Նա նշել է, որ այս իրավիճակում, իմիջիայլոց, պատասխանատվություն է կրում Նովոսիբիրսկի քաղաքապետ Անատոլի Լոկտը, որը, ըստ քաղաքական գործչի, պետք է հանդիպի տարբեր ազգային համայնքների հետ, ինչպես քաղաքում, այնպես էլ մարզում:
Հիշեցնենք, որ Նովոսիբիրսկում Քննչական կոմիտեի ղեկավարի հրամանով կալանքից ազատվել է ոստիկանության աշխատակիցը, որն օրինախախտի (Աբդուլլաևին) էր գնդակահարել. քննիչը փոխել է ոստիկանի նկատմամբ խափանման միջոցը՝ ընտրելով բնակության վայրը չլքելու մասին ստորագրությունը:
Սպանությունը տեղի է ունեցել մայիսի 28-ին: Ճանապարհային ոստիկանության տեսուչը մայրուղու վրա Աբդուլլաևին բերման ենթարկելու ժամանակ պատահաբար կրակել է նրա գլխին: Երկու օր անց Աբդուլլաևը մահացել է հիվանդանոցում: