«Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցումը կարմիր գիծ է». Պուտին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպումից առաջ հարցազրույց է տվել ռուսական հեռուստաընկերություններին: Դրա մի ամբողջ հատվածը վերաբերել է Ուկրաինային և երկրի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) հնարավոր անդամակցմանը, գրում է korrespondent.net-ը:
Պուտինն ասել է, որ Ուկրաինայի՝ դաշինքի կազմում չներառվելու երաշխիքներ չկան: Միևնույն ժամանակ, նա կասկածել է ԱՄՆ-ի հայտարարությունների անկեղծությանը, որոնց համաձայն՝ երկիրն Ուկրաինային անդամակցություն չի խոստացել: Բացի այդ, նա կարմիր գիծ է անվանել Ուկրաինայի՝ դաշինքի կազմի մեջ մտնելը:
«Պատկերացրեք, որ Ուկրաինան դառնա ՆԱՏՕ-ի անդամ: Խարկովից կամ Դնեպրոպետրովսկից Մոսկվա հրթիռների արձակման ժամանակը կնվազի՝ հասնելով 7-10 րոպեի: Դա մեզ համար կարմիր գի՞ծ է, թե՞ ոչ», - ասել է Պուտինը:
Միևնույն ժամանակ, Ռուսաստանի նախագահը շեշտել է, որ ուկրաինացիների կեսը չի ցանկանում, որ երկիրն անդամակցի ՆԱՏՕ-ին, և «նրանք խելացի մարդիկ են, քանի որ հասկանում են, որ չեն ցանկանում կրակի գծում լինել, չեն ուզում լինել սակարկությունների մանրադրամ կամ թնդանոթի միս»:
ՌԴ առաջնորդը մեկնաբանել է նաև Ուկրաինայի հավաքականի համազգեստի հետ կապված սկանդալը: Այս առնչությամբ նա նշել է՝ «դրանում նորություն չկա, Կիևն անտեսում է Ղրիմի բնակիչների կամքի արտահայտումը»:
Ռուսաստանի նախագահը խոսել է նաև Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկիի հետ ձախողված հանդիպման մասին: Նրա խոսքով՝ նախագահական գրասենյակների մակարդակով երկխոսության ընթացքում Ուկրաինային հրավիրել են խոսելու միջազգային անվտանգության մասին:
«Բայց մեր երկկողմ հարաբերություններում այնքան խնդիրներ են կուտակվել, որ անհրաժեշտ կլիներ խոսել այդ մասին»,- նկատել է Պուտինը:
ՌԴ նախագահը քննադատել է Զելենսկիի այն միտքը, որի համաձայն՝ պետք է բացառել ռուսներին Ուկրաինայի բնիկ ժողովուրդներից, քանի որ ռուսներին Ուկրաինայի ոչ բնիկ ժողովուրդ անվանելը «ծիծաղելի է և հիմար»:
Պուտինն ասել է, որ Ուկրաինան խորհրդային ժամանակաշրջանի արտադրանք է: Նա համեմատել է Ուկրաինայի ժողովուրդներին բնիկների և ոչ բնիկների բաժանելու գաղափարը նացիստական Գերմանիայի գաղափարների հետ:
Մեկնաբանելով «Հյուսիսային հոսք 2» գազատարի դեմ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների կիրառումից հրաժարումը՝ Պուտինն ասել է, որ ԱՄՆ-ի համար հետագա դիմադրությունն անիմաստ էր, քանի որ դրա առաջին գիծն արդեն պատրաստ է: