ԱՄՆ-ն 500 միլիոն չափաբաժին պատվաստանյութ կգնի և կհատկացնի այլ երկրների․ The Washington Post
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կորոնավիրուսի դեմ 500 միլիոն չափաբաժին Pfizer ընկերության արտադրության պատվաստանյութ կգնի՝ այլ պետությունների տրամադրելու համար, հայտնում է The Washington Post-ը՝ վկայակոչելով 3 աղբյուր։
Տեղեկությունների համաձայն՝ այս մասին Բայդենը հայտարարելու է Մեծ Բրիտանիայում Մեծ յոթնյակի գագաթնաժողովի ընթացքում։
Ավելի վաղ Բայդենի աշխատակազմը հայտարարել էր հունիսի վերջին առնվազն 80 միլիոն չափաբաժին պատվաստանյութ աշխարհի այլ պետությունների հատկացնելու մասին։
Սպիտակ տունն ու Pfizer ընկերությունը հրաժարվել են մեկնաբանել տեղեկությունը։
Ըստ The New York Times-ի՝ Միացյալ Նահանգները պատվաստանյութը ձեռք է բերելու «ոչ առևտրային» գնով։ Աղբյուրների համաձայն՝ առաջին 200 միլիոն չափաբաժինը բաշխվելու է 2021 թվականի ընթացքում, իսկ 300 միլիոնը՝ 2022 թվականի կեսերին։ Պատվաստանյութը կստանա մոտ 100 երկիր: