60-70 տոկոսի հույս ունենք․ «Հեղափոխության պահապաններից» մեկը՝ ՔՊ ցուցակում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
««Հեղափոխության պահապաններ» անունը կրող խմբակը, որը հայտնի է իր ագրեսիվ պահվածքով և ստանձնել է Նիկոլ Փաշինյանի անձնական պաշտպանությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում պատգամավորության թեկնածու ունի՝ Հայկ Ստեփանյանը: Այս խումբը Փաշինյանի հասցեին վիրավորական արտահայտություններ անողներին կանչում էր «ռազբորկայի», ստիպում, որ հետ կանգնեն իրենց խոսքերից, բայց հատկապես ակտիվացավ պատերազմից հետո, երբ Պռոշյանի կառավարական առանձնատներում տեղակայվեց և սկսեց շուրջօրյա «պահպանություն» իրականացնել: 2018-ից հետո ստեղծված այս խմբակի ներկայացուցիչը ցուցակի հեռավոր՝ 106-րդ համարում է հանգրվանել: Նրանք ակտիվորեն մասնակցում են նաև Փաշինյանի քարոզարշավին, օրինակ՝ Արմավիրի մարզի այցին էին մասնակցում: Հայկ Ստեփանյանը մեզ հետ զրույցում չցանկացավ անդրադառնալ հարցին՝ ինքն է ցանկություն հայտնել լինել ՔՊ ցուցակում, թի իրեն ներառել են:
-Այն, որ Դուք ոչ անցողիկ հորիզոնականում եք, դրան ինչպե՞ս եք վերաբերվում:
-Հարցումնե՞ր եք անցկացրել:
-Կան բազմաթիվ հարցումներ, օրինակ՝ Գելափինը:
-ԴԵ, Գելափի հարցումները, իմ տեղեկություններով, կեղծված են եղել: Չեմ կարծում, որ ինչ-որ տարբերություն կա, թե որ համարի տակ են մարդիկ: Կարևորը, որ ինձ վստահել է թիմը և ընդգրկել է ցուցակ: Ես ամենն անելու եմ, որ ՀՀ-ն էլ ավելի լավն ու ամուր դառնա:
-Ձեր կարծիքով՝ ՔՊ-ն քանի՞ տոկոս ձայն կունենա:
-Ես կարծում եմ, որ 60-70 տոկոս քվե:
-Որտեղի՞ց այդ վստահությունը:
-Ես քարոզարշավի մեջ եմ, հիմա մենք գնում ենք Աշտարակ քաղաք, և ժողովրդի վերաբերմունքից, նաև նրանից, թե որքան մարդ է հավաքվում համայնքներում, ես հասկանում եմ, որ մեր ժողովուրդը պատրաստ չէ նախկինի վերադառնալուն: Կարծում եմ՝ առնվազն 60 տոկոս քվե կունենանք, եթե լավատես լինեմ՝ 70 տոկոսի հույս ունեմ:
-Փաշինյանի վարկանիշը չի՞ ընկել 2018-ից հետո:
-Եղել է հեղափոխություն, բնական է, որ որոշակի կարող են լինել հիասթափություններ, մենք ունեցել ենք ծանր 2020 թվական: Այդ մեդիատեռորի ֆոնին, կարծում եմ, մեր ժողովուրդը գիտակցում է՝ ինչ է տեղի ունեցել:
-Ի՞նչ մեդիատեռոր է եղել:
-Ընդհանուր՝ համացանցում:
-Խոսքը կառավարության հայտնի ՊՈԱԿ-ի ֆեյքերի մասի՞ն է:
-ՊՈԱԿ-ը պետական կառույց է, խնդրում եմ՝ հարգել մեր պետական մարմինները: Պետական աշխատակիցներին անվանում եք ֆեյքեր: Եթե փաստեր ունեք, որ ֆեյքեր ունենք, խնդրում եմ հրապարակեր:
-Մարդիկ հրապարակում են, քաղաքացիները գնացել, գտել էին ֆեյքերի գործարան:
-Դա մեդիատեռորի մի մաս է, մենք գիտենք, որ նախկիններն ունեն մեծ լրատվամիջոցներ:
-Պարոն Փաշինյանը ևս լրատվամիջոցներ ունի, օրինակ՝ նրան է ծառայում Հանրայինը:
-Դա պետական կառույց է, ոչ ոքի չի պատկանում:
-Լավ, վերադառնանք Ձեզ՝ Ձեր ո՞ր արժանիքի համար եք ներառվել ցուցակում, մարդկանց «ռազբորկաների» կանչելու, թե ...
-Ես իմ արժանիքների մասին չեմ խոսի: Այն, որ ասվում է, թե գնացել ենք, մարդկանց ենք ճնշել, նախևառաջ՝ այդ հարցը վաղուց փակված է, ես հայտարարել եմ, որ ոչ ոք ոչ ոքի չի ճնշել: Մեր գործունեությանը հետևել եք, թե գիտեք այնպիսին, ինչպիսին ներկայացնում է ընդդիմությունը:
-Ես Ձեզ հիշում եմ «ռազբորկաներ» անելիս, ինչպես նաև պատերազմի օրերին...
-Մենք եղել ենք Արցախում, զբաղվել ենք բարեգործությամբ, թեպետ փորձեցին դա էլ մեր դեմ օգտագործել, դա շատ լկտի բան էր, դա փորձեցին շահարկել, թե իբր գումարներ ենք վերցրել: Ցանկացած աշխատանք, որն իրականացնում ենք, ընդունվում է ընդդիմադիրների կողմից բացասական»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։