ՈւԵՖԱ-ն դադարեցրել է կարգապահական գործերը «Բարսելոնայի», «Յուվենտուսի» եւ «Ռեալի» դեմ
ՈւԵՖԱ-ն դադարեցրել է Մադրիդի «Ռեալի», կատալոնական «Բարսելոնայի» եւ Թուրինի «Յուվենտուսի» դեմ կարգապահական գործերը, որոնք հարուցել էր Եվրոպական Սուպերլիգայի նախագծին այդ ակումբների մասնակցության եւ այդ գաղափարից չհրաժարվելու համար։
«Այսպես կոչված «Սուպերլիգա» նախագծի հետ կապված ՈւԵՖԱ-ի կանոնների հնարավոր խախտումների համար «Բարսելոնայի», «Յուվենտուսի» եւ «Ռեալի» դեմ հարուցված կարգապահական գործերը դադարեցվել են ՈւԵՖԱ-ի բողոքարկման մարմնի կողմից մինչեւ հետագա ծանուցում»,- հաղորդում է ՈւԵՖԱ-ի կայքը։
Ավելի վաղ Շվեյցարիայի Արդարադատության նախարարությունը Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիային (ՖԻՖԱ) եւ Ֆուտբոլային ասոցիացիաների եվրոպական միությանը (ՈւԵՖԱ) պաշտոնապես ծանուցել էր, որ այդ կազմակերպություններն իրավունք չունեն պատժամիջոցներ կիրառել Եվրոպական Սուպերլիգայից դուրս չեկած ակումբների դեմ։
ՖԻՖԱ–ն ու ՈւԵՖԱ–ն տեղակայված եւ գրանցված են Շվեյցարիայում։ Սուպերլիգայի նախագծից դուրս չեն եկել Մադրիդի «Ռեալը», կատալոնական «Բարսելոնան» եւ Թուրինի «Յուվենտուսը»։ Երեք ակումբները Եվրոպական դատարանում վիճարկում են ՈւԵՖԱ–ի կարգապահական որոշումները՝ կազմակերպությանը մեղադրելով մրցակցության սկզբունքերի խախտման եւ իրավազանցության մեջ։
Սուպերլիգայի 12 հիմնադիր ակումբներից («Միլան», «Ինտեր», «Յուվենտուս», «Բարսելոնա», «Ռեալ», «Աթլետիկո», «Արսենալ», «Մանչեսթեր Սիթի», «Լիվերպուլ», «Տոտենհեմ», «Չելսի», «Մանչեսթեր Յունայթեդ») 9–ը ազգային ֆեդերացիաների, ակումբների երկրպագուների եւ ՖԻՖԱ–ի ու ՈւԵՖԱ–ի ճնշման տակ հրաժարվեցին նախագծից։
ՈւԵՖԱ–ն 9 ակումբներին պատժել է 15 միլիոն եվրո բարեգործական վճարով եւ եվրագավաթային մրցաշարերի պարգեւավճարից 5 տոկոսի վերադարձով։