«Գիրանալը հեշտ է, նիհարելը՝ դժվար»․ Սալմա Հայեքը խոստովանել է, որ դժվարանում է կորցնել դերի համար հավաքած ավելորդ քաշը (լուսանկարներ)
Ծագումով մեքսիկացի հոլիվուդյան դերասանուհի Սալմա Հայեքը InStyle ամսագրի հետ զրույցում խոստովանել է, որ Gucci նորաձևության տան հիմնադրի թոռ Մաուրիցիո Գուչիի սպանության մասին քրեական դրամայում՝ «Գուչի տունը» ֆիլմում նկարահանվելու համար 2020-ի վերջին «բավականին գիրացել է և հիմա դժվարանում է կորցնել ավելորդ քաշը»։
«Այս ընթացքում շատ քիչ եմ նիհարել․ գիրանալը հեշտ է, բայց երբ ուզում ես կրկին նիհարել՝ երկար ժամանակ է պահանջվում»,- խոստովանել է 54-ամյա Հայեքը։
Նրա խոսքով՝ ցանկանում է նիհարել մասամբ առողջության, մասամբ էլ՝ գեղեցիկ կառուցվածքը պահպանելու համար։
Այնուամենայնիվ, դերասանուհին ընդգծել է՝ շատ է գնահատում իր մարմինը, քանզի «այն մի շարք փորձությունների միջով է անցել»։
Նշենք, որ «Գուչիի տունը» ֆիլմի սցենարը հիմնված է Սառա Գեյ Ֆորդենի «Գուչիի տունը. սպանության, խելագարության, հմայքի և ագահության սենսացիոն պատմությունը» գրքի վրա․ այն կթողարկվի 2021-ի նոյեմբերին։