«Դա, հավանաբար, հայրական բնազդ է»․ Բարաք Օբաման խոստովանել է, որ երբ դուստրերը մասնակցում են Black Lives Matter շարժման ցույցերին, անհանգստանում է նրանց անվտանգության համար
Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբաման CNN-ի հաղորդավար Անդերսոն Կուպերի հետ հարցազրույցի ժամանակ խոստովանել է, որ երբ երկու դուստրերը՝ 22-ամյա Մալիան և 19-ամյա Սաշան մասնակցում են աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո ԱՄՆ-ում սևամորթ համայնքի կողմից ստեղծված Black Lives Matter («Սևամորթների կյանքը նշանակություն ունի») շարժման ցույցերին և հանրահավաքներին, անհանգստանում է նրանց անվտանգության և կյանքի համար։
«Ես միշտ անհանգստանում են նրանց ֆիզիկական անվտանգության համար․ դա, հավանաբար, հայրական բնազդ է»,- ասել է ԱՄՆ-ի 44-րդ նախագահը։
Օբաման նաև գովել է դուստրերին՝ նշելով, որ «երկիրն ավելի լավը դարձնելու հարցում նրանց դերակատարության վերաբերյալ որևէ կասկած չունի»։
Նա նաև նշել է՝ իր դուստրերի սերնդակիցները «չեն հաշտվում որոշ երևույթների հետ և ի տարբերություն իր սերնդակիցների՝ ցանկանում են իրական փոփոխությունների հասնել»։