Disney-ը «Կախարդվածը» ֆիլմի 2-րդ մասի նկարահանումների համար իռլանդական գյուղը «կախարդական վերափոխությունների է ենթարկել» (լուսանկարներ)
Ամերիկյան «Կախարդվածը» (Enchanted) ֆիլմի 2-րդ մասն առաջին անգամ էկրաններ բարձրանալուց 14 տարի անց հայտնվելու է Disney + հոսքային ծառայության եթերում, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը և հավելում, որ ֆիլմի նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են։
Ֆիլմի երկրորդ մասի աշխատանքների համար, որն անվանվել է «Հիասթափվածը» (Disenchanted), Իռլանդիայի Էննիսքերի գյուղը կախարդական վերափոխման է ենթարկվել։ Ֆիլմում ներկայացվում են «Կախարդվածը» ֆիլմից 10 տարի անց տեղի ունեցող դեպքերը, երբ գլխավոր հերոսուհի Գիսելը ցանկանում է, որ իր կյանքը կատարյալ հեքիաթի նմանվի՝ գլխիվայր շրջելով թե՛ իր կյանքը, թե՛ Անդալասիայի երևակայական տունը։
Ֆիլմի արտադրական փուլի համար գյուղի տները վերածվել են ծաղիկներով զարդարված կախարդական ապարանքների, որոնցից առանձնանում է Իռլանդիայի լավագույն օրթոպետիկ վիրաբույժներից մեկի այրու՝ Դոթ Բրեդիի տունը։ Սակայն հայտնի է, որ ըստ պայմանագրի, տունը տանտերերին պիտի հանձնի այն տեսքով, ինչպես Disney ընկերությունն այն ստացել է։ Ֆիլմի արտադրական փուլը տեղի է ունենում այս տարվա մայիսից օգոստոս ընկած ժամանակահատվածում՝ Իռլանդիայում։
Ավելի վաղ ֆիլմի գլխավոր դերասաններից Փաթրիք Դեմփսին նշել էր, որ նոր «Հիասթափվածը» ֆիլմում անելու է այն, ինչ երբեք չի արել։
«Ես առաջին անգամ երգելու եմ։ Ես երբեք հանրության առջև չեմ երգել, ինչի համար պատճառ է եղել», - ասել է դերասանը՝ հույս հայտնելով, որ երկրպագուները «կընդունեն իր ներսում ապրող երաժիշտին»։
Նա նշել է, որ արդեն քանի տարի է՝ խոսվում է ֆիլմի արտադրական փուլի մասին և վերջապես այն իրականություն է դառնալու, ինչպես նաև շեշտել է, որ հիմա մարդկանց ընկճվածությունից դուրս բերելու համար ռոմանտիկ կատակերգությունների կարիք կա։
Հայտնի է, որ ֆիլմի առաջին մասը, որը էկրաններ է բարձրացել 2007 թվականին, կինոթատրոններում տոմսերի վաճառքից ստացել է ավելի քան 340 միլիոն դոլարի շահույթ և երեք «Օսկար» մրցանակ՝ Ալեն Մենքենի և Ստեֆն Շուարցի հեղինակած երաժշտությունների համար։