G7 գագաթնաժողով, հանդիպում Էլիզաբեթ 2-րդի և Վլադիմիր Պուտինի հետ․ Բայդենն այսօր սկսում է դեպի Եվրոպա 8-օրյա ուղևորությունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնը ստանձնելուց հետո իր առաջին արտասահմանյան այցի շրջանակում այսօր մեկնում է Մեծ Բրիտանիա՝ փորձելու վերականգնել Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կառավարման տարիներին լարված տրանսատլանտյան հարաբերությունները, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։
«Արդյոք կարո՞ղ են մեծամասամբ նախորդ դարի ընթացքում ձևավորված ժողովրդավարական դաշինքներն ու ինստիտուտներն ապացուցել իրենց ունակությունը դիմակայել ժամանակակից սպառնալիքներին և հակառակորդներին։ Կարծում եմ՝ այո, և այս շաբաթ Եվրոպայում մենք դա ապացուցելու հնարավորություն ունենք», - գրել է Բայդենը The Washington Post-ում հրապարակված հեղինակային հոդվածում։
Բայդենն իր ուղևորության առաջին կանգառն անելու է Մեծ Բրիտանիայում՝ Մեծ յոթնյակի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։ Ենթադրվում է, որ հանդիպման ընթացքում կքննարկվեն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերին, առևտրին, կլիմային և զարգացող երկրներում ենթակառուցվածքների վերականգնման նախաձեռնություններին առնչվող հարցեր։ Հնարավոր է, որ Բայդենի նկատմամբ ճնշում գործադրվի՝ անցյալ շաբաթ 20 միլիոն չափաբաժին պատվաստանյութ տրամադրելու վերաբերյալ արված հայտարարությունից հետո ավելին անելու հարցում։
Մեծ Բրիտանիայում Բայդենը հանդիպելու է ՄԲ վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ՝ «հատուկ հարաբերությունները» վերականգնելու նպատակով, ապա կնոջ հետ այցելելու է Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդ թագուհուն։
ՄԲ-ից հետ Բայդենը մեկնելու է Բրյուսել՝ ՆԱՏՕ-ի և Եվրամիության ղեկավարների հետ հանդիպման։ Ակնկալվում է, որ բանակցությունների օրակարգում գերակշռելու են Ռուսաստանին և Չինաստանին վերաբերող, ինչպես նաև ՆԱՏՕ-ի դաշնակիցների ընդհանուր պաշտպանության հարցում ավելի մեծ դեր ունենալու խնդիրները։
Իր այցի վերջում Բայդենը Ժնևում հանդիպում է ունենալու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։