«Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիների բացմամբ շահագրգռված են նաև Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը, որոնց կարծիքը բանակցային գործընթացում նույնպես պետք է հաշվի առնվի»․ Լավրով
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Պրիմակովյան ընթերցումներ» միջազգային խորհրդաժողովի ժամանակ հայտնել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է սովորեն ապրել որպես լավ հարևաններ, հայտնում է mk.ru լրատվականը և հավելում, որ Լավրովը, միևնույն ժամանակ, խորհուրդ է տվել Երևանից և Բաքվից հնչող հայտարարություններին ուշադրություն դարձնելու փոխարեն հասարակ մարդկանց կյանքը բարելավելու ուղղությամբ ջանքեր գործադրել։
Բացի այդ, Լավրովը շեշտել է՝ Արցախյան երկրորդ պատերազմը պետք է ավարտվեր ավելի վաղ, քան ավարտվեց, իսկ ինչ վերաբերվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա սահմանային հակամարտություններին, ապա դրանք, Լավրովի կարծիքով, ոչ մի կապ չունեն Արցախի հետ։
ՌԴ ԱԳ նախարարը նաև նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիների բացմամբ «շահագրգռված են ոչ միայն այդ երկու պետությունները, այլ նաև Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը, որոնց կարծիքը բանակցային գործընթացում նույնպես պետք է հաշվի առնվի»։