ԱՄՆ-ում 1933 թվականին թողարկված ոսկյա մետաղադրամն աճուրդում վաճառվել է ռեկորդային 19,5 միլիոն դոլարով (լուսանկարներ)
Նյու Յորքի Sotheby's աճուրդում «Կրկնակի արծիվ» անվանումով 20 դոլար արժողությամբ ոսկե մետաղադրամը վաճառվել է ռեկորդային՝ 19,5 միլիոն դոլարով, հայտնում է Deutsche Welle լրատվականի ռուսական ծառայությունը։
Ոսկյա մետաղադրամի մի կողմում պատկերված է Ազատության աստվածուհին, իսկ մյուս կողմում՝ Միացյալ Նահանգների ազգային խորհրդանիշ արծիվը։ Այն թողարկվել է 1933 թվականին և երբեք շրջանառության մեջ չի եղել։
Այն ժամանակ Միացյալ Նահանգների նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը հրաժարվել է ոսկյա մետաղադրամների ստանդարտից, և բոլոր մետաղադրամները հալեցվել են՝ բացառությամբ մի քանիսի։
Այս մետաղադրամը 2002 թվականից պատկանել է կոշիկների ամերիկացի դիզայներ Սթյուարթ Վայցմանին, որն այն գնել էր 7,6 միլիոն դոլարով։
Մետաղադրամի նոր գնորդի անունը դեռևս հայտնի չէ։
Վայցմանը հայտնել է, որ մետաղադրամի վաճառքից ստացված հասույթն օգտագործվելու է բարեգործական նպատակներով։