«Ովքե՞ր են նրանք, որ թելադրեն՝ ինչն է լավ և ինչն է վատ, եթե հենց իրենք են մաքուր չարիք». Թրամփը երկրներին կոչ է արել բոյկոտել Twitter-ը և Facebook-ը
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել երկրներին բոյկոտել Twitter և Facebook սոցիալական ցանցերը՝ խոսքի ազատությունը սահմանափակելու համար: Այս մասին հաղորդում է Sputnik International-ը՝ նշելով, որ Սպիտակ տան նախկին ղեկավարը հայտարարություն էր տարածել, որում շնորհավորել է Նիգերիային Twitter-ն արգելափակելու համար, և կարծիք էր հայտնել, որ ավելի շատ երկրներ պետք է հետևեն այդ օրինակին:
«Ովքե՞ր են նրանք, որ թելադրեն՝ ինչն է լավ և ինչն է վատ, եթե հենց իրենք են մաքուր չարիք: Ես դա պետք է անեի, երբ դեռ նախագահ էի: Բայց Ցուկերբերգը շարունակում էր զանգել ինձ, ընթրիքի համար գալ Սպիտակ տուն և ասել, թե որքան լավն եմ», - ասված է հայտարարության մեջ:
Տեքստի վերջում Թրամփը նշել է «2024՞»՝ նման ձևով ակնարկելով հնարավոր երկրորդ նախագահական ժամկետի մասին:
Հիշեցնենք՝ հունիսի 6-ին Թրամփը մեղադրել էր Facebook-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգին ազատ խոսքի մասին օրենքները խախտելու համար և քննադատել էր սոցիալական ցանցում իր օգտահաշվի սառեցումը:
ԱՄՆ նախկին առաջնորդի հաշիվը կասեցվել էր երկու տարով այն բանից հետո, երբ նրա կողմնակիցները ներխուժել էին Կապիտոլիումի շենք: Այդ ժամանակ Facebook-ը Թրամփին մեղադրել էր ատելություն սերմանելու համար: