8,3 միլիոն դոլար. Sotheby's-ի աճուրդում վաճառվել է աշխարհի ամենաթանկ նամականիշը (լուսանկարներ)
«Բրիտանական Գվիանա» անվանումով 1 ցենտ արժողությամբ նամականիշը Sotheby's-ի աճուրդում վաճառվել է 8,3 միլիոն դոլարով, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Նմուշի սեփականատերն է դարձել բրիտանական Stanley Gibbons ընկերությունը, որն աշխարհի ամենահին ֆիլատելիստական դիլերն է: Ընկերությունը նախատեսում է այն ցուցադրել Լոնդոնի կենտրոնում գտնվող Սթրենդ փողոցի իր խանութում:
Նշենք՝ «Բրիտանական Գվիանա»-ն, կամ, այլ կերպ ասած, «Ֆիլատելիայի արքայադուստր»-ը, կրում է նախկին բրիտանական գաղութի անունը: Այս գրվածքն ութանկյուն կարմիր նամականիշի վրա տպված է սև գույնով և դրանում պերֆորացիաներ (անցքեր կամ փորվածքներ,-խմբ.) առկա չեն: Նամականիշի կենտրոնում պատկերված է առագաստանավ, իսկ դրա վերևում գաղութի նշանաբանն է՝ Damus Petimus Que Vicissim («Մենք տալիս ենք և հույս ունենք ստանալ»-թարգմ.):
Հիշեցնենք՝ նամականիշն աշխարհում ամենաթանկն է դարձել 2014 թ.-ին, երբ այն 9,5 միլիոն դոլարով վաճառվել էր աճուրդում: Այդ ժամանակ նամականիշը ձեռք էր բերել կոշիկի ամերիկացի դիզայներ և գործարար Սթյուարթ Վայցմանը և վաճառել է նախօրեին: