Ավստրալուհին տեսանկարահանել է օվկիանոսում նկատված «աչքը»՝ բնության հազվադեպ հանդիպող երևույթ հետահար հոսանքն ընթացքի մեջ (լուսանկար, տեսանյութ)
BBC լրատվական գործակալությունը ներկայացրել է լուսանկարիչ Դենե Բինգհեմի լուսանկարները, որոնցում երևում է բնության մեջ հազվադեպ հանդիպող սենսացիոն երևույթը՝ հետահար հոսանքն (ալիքը) ընթացքի մեջ:
Նշվում է՝ երևույթը նկատվել է աշխարհի ծայրը համարվող Ավստրալիայի արևմտյան հատվածում տեղակայված Համերսլի լողափում:
Լուսանկարչի խոսքով՝ այս բնական երևույթի չափերը բավականին մեծ են եղել՝ հասնելով ֆուտբոլի դաշտի մեծության:
«Կարելի էր տեսնել, թե ինչ վայրի էր օվկիանոսը և թե ինչ հսկայական էին ալիքները: Ես անօդաչու թռչող սարքն օդ էի բարձրացրել ու տեսնում էի, թե ինչպես է օվիանոսի մեջտեղում աչք առաջացել: Այն ափին մոտ չէր, երևի մոտ 1 կմ հեռու էր դրանից»,- պատմել է լուսանկարիչն ու մանրամասնել՝ երբ նախկին պրոֆեսիոնալ ձկնորս ամուսնուն հարցրել է, թե երբևէ նման բան տեսել է, վերջինս բացասական պատասխան է տվել:
Նշենք՝ նման հոսանքներն օվկիանոսում առաջանում են քամու կամ բարձրավայրի պայմանների հանկարծակի փոփոխություններից: Ավստրալիայում ամեն տարի այս հոսանքներն ամենամեծ թվով ջրահեղձությունների պատճառ են դառնում:
Հետահար ալիքները, որոնք հայտնի են նաև «րիփ» անունով, ծովային և օվկիանոսային հոսանքների տեսակ են, որոնք ուղիղ անկյան տակ շարժվում են դեպի ափ և հետադարձ ճանապարհին առաջացնում են մակընթաց ջրեր, որոնք շարծվում են դեպի ծով: Այլ կերպ ասած՝ դրանք ափին հարվածած ու հետհարվածով դեպի ծովը շպրտված ալիքներն են: