Պետության քայքայման հիմնական պատճառներից մեկը. «Առավոտ»
«Կա ռուսերեն մի արտահայտություն՝ «ради красного словца не пожалеет и отца»: Այսինքն՝ առաջնայինը ինչ-որ մի լսարանի համար ոգեշնչող, ծափահարությունների արժանացող խոսք ասելն է, իսկ թե ինչ հետևանքներ կունենա այդ խոսքը, այնքան էլ կարևոր չէ:
Եկեք խոստովանենք, որ մենք՝ լրագրողներս, ունենք այդ հիվանդությունը. տարվում ենք մեր ասելիքի հետաքրքիր և խայթող լինելով՝ երբեմն մոռանալով նյութի ներքին տրամաբանության և կարևորության մասին: Անձամբ ես նախորդ տարիներին, օրինակ, հակված էի ընդհանրացնել մեր բարձրաստիճան հոգևորականների արատները. դրանք հաստատ կան, բայց այստեղ պետք էր առավել զգույշ և նրբանկատ լինել՝ հաշվի առնելով այն դերը, որը եկեղեցին ունի աշխարհում սփռված մեր հայրենակիցների կյանքում, և այն նշանակությունը, որը հավատը, առաքելական ուսմունքը, կարծում եմ, պետք է խաղա մեր պետության կյանքում, բայց ցավոք չի խաղում:
Սակայն, եթե կրոնի խնդիրը կարող է լինել բանավեճի առարկա, ապա պետության, և, առաջին հերթին՝ բանակի հարցը պետք է, որ բոլորի համար անվիճելի լինի: Եվ քանի գնում է, ես, այդ թեմաներով գրելիս, փորձում եմ հաշվեկշռել, թե ինչն է ավելի կարևոր՝ ընթերցողին իմ «շշպռող» խոսքով դուր գալը, թե այդ կարևորագույն ինստիտուտներին չվնասելը: Մենք այս հարցերում էլ, եկեք անկեղծ լինենք, շատ դեպքերում սփռում ենք նիհիլիզմ, անհավատություն, հավանումների արժանանալու հեշտ ճանապարհ ենք փնտրում: Բայց լրագրողի աշխատանքը, որքան էլ կարևոր լինի, պատասխանատվության իր աստիճանով չի կարող համեմատվել երկրի առաջին դեմքի հետ: Մի բան է, երբ դու խոսում ես որպես լրագրող, մեկ այլ բան՝ որպես ընդդիմադիր քաղաքական գործիչ, իսկ պարտավորությունների բացարձակապես այլ աստիճան է, երբ դու պետության ղեկավար ես: Այս դեպքում պետք է հաշվի առնվի հազար ու մի գործոն՝ ինչպիսի երկարատև ազդեցություն է ունենալու քո խոսքը ներքին կյանքում, ինչպես նաև արտաքին հարաբերությունների ասպարեզում: Այստեղ, կրկնեմ, նկատի ունեմ երկարատև հետևանքները և ոչ թե պալատականների քծնանքն ու հրճված զանգվածի ոռնոցները:
Ես վստահ եմ, որ մեր պետության ձախողումների, և, մասնավորապես, պատերազմում կրած նվաստացուցիչ պարտության պատճառներից մեկը Փաշինյանի իմպուլսիվ, անհավասարակշիռ խոսքերն էին և գործողությունները՝ բանակի, գեներալների, դիվանագետների (որոնք, իմ ընկալմամբ, նույն զինծառայողներն են՝ միայն «փողկապով»), ընդհանրապես՝ պետական ապարատի հարցերում: «Նախկիններին» պատժելու և վերոհիշյալ զանգվածի հրճվալից աղաղակների արժանանալու մոլուցքը ստվերում էր պետական շահը: Համաձայն չեմ, որ Փաշինյանը դիտավորյալ ձգտում է քայքայել բանակը, ԱԳՆ-ն և ընդհանրապես պետական կառույցները, բայց միտումի բացակայությունից այդ քայքայումը պակաս ցավալի չէ: Զինված ուժերի գլխավոր հրամանատարը չի կարող բանակի մասին խոսել «կոնֆետ շպրտելու» մակարդակով: Այս սենսացիոն «բացահայտումը» թողեք «սունկ-կայքերին»»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։