ԱՄՆ պետքարտուղարը գնահատել է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հնարավորությունը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ «Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղղությամբ շարժվելու համար ունի բոլոր անհրաժեշտ գործիքները»։
«Մեր գնահատականներով՝ Ուկրաինան ունի բոլոր անհրաժեշտ գործիքները՝ այդ ուղղությամբ շարժվելու համար»,- Սենատի միջազգային կոմիտեում լսումների ժամանակ ասել է Բլինկենը։
ԱՄՆ պետքարտուղարը նաև հավելել է, որ «ԱՄՆ-ն աջակցում է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը»։
Հիշեցնենք, որ նախօրեին Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչը հայտնել էր, որ Կիևը սխալ է մեկնաբանել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության մասին խոսքերը։
Սպիտակ տունը և Ուկրաինայի կառավարությունն ի սկզբանե հակասական հայտարարություններ էին հրապարակել ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահների՝ երկուշաբթի կայացած հեռախոսազրույցի արդյունքների վերաբերյալ: Ըստ Կիևի հայտարարության՝ Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը «ընդգծել է Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ին անդամակցության գործողությունների ծրագրի տրամադրման կարևորությունը»։
Խմբագրված տարբերակում, մասնավորապես, ասվում է․ «Բայդենի հետ զրույցում Զելենսկին ընդգծել է ՆԱՏՕ-ին անդամակցության գործողությունների ծրագրի տրամադրման կարևորությունը»:
Ավելի ուշ, Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել էր՝ «պետք չէ ինչ-որ մութ բաներ փնտրել այնտեղ, որտեղ ամեն ինչ պարզ է»։
Նրա խոսքով՝ մամուլի հաղորդագրության հիմքում ընկած են եղել հնչած բանավոր ձևակերպումները, այդ թվում՝ ՆԱՏՕ-ին անդամակցության գործողությունների ծրագրի մասին, իսկ ավելի ուշ կողմերը դիվանագիտական ձևակերպումների հստակեցման շուրջ բանակցություններ են վարել։